ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Սթիվեն Բիգենը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը այսօր տարածած համատեղ հայտարարությամբ ողջունել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումը, համաձայն Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության։
Համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել իրականացնել հայտարարությունով ստանձնած պարտավորությունները, կարևորում են մարտական գործողությունները չվերսկսելու երաշխիքները, հորդորում են տարածաշրջանից շուտափույթ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին, Ադրբեջանին և Հայաստանին հիշեցնում են հումանիտար իրավունքի միջազգային պահանջներին հետևելու պարտավորությունները, ընդգծել են պատմական և կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը։
Համանախագահ երկրները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում օգտագործել հրադադարը բանակցելու կայուն և երկարատև խաղաղ համաձայնության հասնելու համար՝ համանախագահների հովանու ներքո։ Այս համատեքստում նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում տարածաշրջանում ընդունել համանախագահներին և առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու համար՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի։
Համանախագահները վերահաստատել են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը հօգուտ բոլոր մնացած հիմնական խնդիրների համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման, համապատասխան Հայաստանին ու Ադրբեջանին հայտի հիմնարար սկզբունքների ու տարրերի։ Համանախագահ երկրները նախկինի պես ամբողջովին հանձնառու են մնում այդ նպատակին հասնելու համար, ըստ իրենց, երկարամյա ջանքերի՝ նպաստել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը, նշված է համանախագահ երկների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում։
ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհուրդը ամենամյա նիստն անցկացնում է դեկտեմբերի 3-4-ը՝ հեռավար կարգով։
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը իր ելույթում նշել է. «44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, բացահայտ կերպով արհամարհելով իրենց միջազգային պարտավորությունները և խախտելով ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած հանձնառությունները, շարունակում էին ռազմական գործողությունները՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերը, ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված երեք պայմանավորվածությունները և միջազգային հանրության հաստատակամ կոչերը: Ագրեսիան ուղեկցվում էր զինված հակամարտություններին առնչվող միջազգային օրենքների և սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով, պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների սպանություններով, նրանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով, դիակների անարգմամբ և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով, որոնց վերջնանպատակը հայ ժողովրդի էթնիկ զտումն է էր իր իսկ պատմական հայրենիքում»։
Արա Այվազյանն ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է դիտարկվի առանց Լեռնային ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորման սահմանափակման։ «Միայն քաղաքական, բանակցությունների արդյունքում ձեռքբերված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան», - ընդգծել է Արա Այվազյանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ-ի ներուժը մնում է պահանջված։ Նա նշել է, թե ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակները լուծելու համաձայնությունները պետք է մեծ աջակցություն ստանան անդամ երկրների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը և ընդգծել է, որ նման մոտեցում են ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ, որին կշարունակեն ամեն կերպ աջակցել։ «Գնահատում ենք համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս կոչ է արել աջակցել ղարաբաղյան համաձայնությանը, ասելով, թե Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը դրական արդյունքներ է տալիս հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կապերի առումով։
«Մենք որպես Մինսկի Խմբի անդամ երկիր, միշտ աջակցել ենք այդ հակամարտության կարգավորման ուղիները գտնելու ջանքերին և շարունակում ենք անել դա: Մենք միշտ հայտարարել ենք, որ կարգավորման ճանապարհը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, համապատասխան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, ԵԱՀԿ սկզբունքներին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջև ներկայիս համաձայնությունը թույլ տվեց կայուն խաղաղության հասնել 30 տարի անց։ Այն դրական արդյունքներ է տալիս տարածաշրջանային կայունության, ինչպես նաև հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կապերի տեսնակյունից», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը ու ընդգծել, - «Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրներին, մասնավորապես, համանախագահներին, ձեռնպահ մնալ քաղաքական դրդապատճառներ ունեցող գործողություններից։ Դա կարող է հարվածել ձեռք բերված պայմանավորվածություններին»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը իր ելույթում Ղարաբաղի հայությանը կոչ է արել վերաինտեգրվել Ադրբեջանի կյանքին։ «Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության վերաինտեգրման օգտին՝ երկրի քաղաքական, տնտեսական սոցիալական և այլ ոլորտներում, և երաշխավորում է հավասար, առանց խտրականության ապահովելու հավասար իրավունքներ և ազատություններ բոլորի համար, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելիությունից։ Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում օգտվել խոստումնալից իրականությունից և գնահատել այն»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
ԵԱՀԿ-ի Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Տուլլա Յուրելիան ցավով արձանագրել է, որ հակամարտ գոտիներում համագործակցելու և կրակը գլոբալ դադարեցնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը չի իրականացվել։ Ընդհակառակը՝ համավարակը խանգարել է երկխոսությանը, շփումներին ու միջնորդական ջանքերին։
«Որոշ դեպքում մենք տեսնում ենք դիվանագիտության փոխարեն ուժի օգտագործում։ Ցանկանում եմ հիշեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ կործանարար պատերազմը, որը ծանր հետևանքներ ունեցավ քաղաքացիական բնակչության վրա: Ողջունելով մարտական գործողությունների դադարեցումը մենք հիմա պետք է աջակցենք հակամարտության խաղաղ և կայուն քաղաքական կարգավորմանը։ Դիվանագիտական ջանքերը շարունակելու ուղղությամբ առկա է Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի մեծ աջակցությունը»,- նշել է ԵԱՀԿ- Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենը։