«Անտանելի վիճակ ա, մեր գյուղը կիսվել ա». Թաղավարդ համայնքի մի մասը հայկական, մյուսը՝ ադրբեջանական կողմում է

39 համայնքից 25,5-ն է մնացել, Մարտունու շրջանի վարչակազմից հենց այս թիվն են փոխանցում, կես հաշվում են Թաղավարդ համայնքը, որի մի մասը հայկական կողմի, մի մասն ադրբեջանական կողմի մոտ է:

«Դաշտերը, անտառները, սաղ իրանց ձեռքն ա, մեր գյուղում ջուր չկա, սա ջուրն իրանց ձեռքն ա», - ասաց բնակիչներից մեկը:

Գյուղապետ Օլեգ Հարությունյանի տունը 100-ից ավելի տների հետ մնացել է ադրբեջանական կողմում. «Անտանելի վիճակ ա, մեր գյուղը կիսվել ա, 132 տուն գտնվում ա թուրքի տիրապետության տակ. կեսը վառած, կեսը քանդած: Երկու հավասար տեղամաս ա, մեկը կոչվում ա Թաղավարդ, մեկը՝ Թաղավարդ Կալեր, այսինքն՝ Թաղավարդը չկա, Թաղավարդ Կալերը 135 տնտեսություն կա, արդեն մարդիկ վերադարձել են, 100 տնտեսությունում մարդ ա ապրում, վերականգնում են, կեսը վառած, կեսը քանդված, կեսը փլված»:

Պատերազմի ավարտից հետո գյուղից գերի ընկած բնակիչ ունեն, որոշել էր գնալ մյուս կողմում մնացած իր տուն ու եղբոր գերեզման:

«Թամրազյան Սեյրան Էդուրադի, 74 թիվ, իրա տղան զոհվել ա էս պատերազմում, Հայաստանում թաղված ա, մի քանի օր առաջ էլ պետք ա քառասունքը լիներ, էդ արանքում եկել ա ստեղ երևի մարդ ա էլի մտածել ա, մի քիչ էլ՝ գինովցած, որոշել ա գնա եղբոր գերեզմանին», - ասաց գյուղապետը:

Հիմա չեն կարկում, դիրքերն էլ այնքան մոտ են, որ նույնիսկ բարևում են իրար, բայց չեն մոռանում՝ կողք կողքի թշնամին է:

Ինչպե՞ս է ստացվել, որ գյուղը կիսվել է, ավելի քան 40 օր դիրքերում կռված թաղավարդցի հայր ու որդի ասում են՝ մի քիչ ավելի շատ լինեին գյուղի մյուս մասն էլ կպահեին. «Եթե գյուղում սաղ մնային կպահեինք, կեսը փախել են, կեսը տվել ենք»:

Գյուղը հայկական կողմի հետ կապող միակ ճանապարհն անցնում է Կարմիր Շուկայով, իսկ ճանապարհ ցույց տվող գյուղացիներն անընդհատ հուշում են՝ «շատ առաջ չգնաք, գյուղի կեսը մերը չէ»: