Ադրբեջանի անվտանգության ծառայության տարածած տեսանյությում լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը ներկայացվում է որպես պատերազմին մասնակցած վարձկան, որ 2500 դոլարի դիմաց կռվել է Ադրբեջանի դեմ։
Վիգեն Էուլջեքյանի ու Մարալ Նաջարյանի մասին «Ազատությունը» երեկ էր պատմել․ երկու լիբանանահայերը գերեվարվել էին նոյեմբերի 10-ին, Երևանից մեկնել էին Բերձոր իրերը վերցնելու և անհետացել։ Մարալն ու Վիգենը պատերազմից օրեր առաջ էին հաստատվել Արցախում վերաբնակեցման ծրագրով։ Մինչև այդ 41-ամյա Վիգենը Երևանում է փորձել գործ գտնել։
«Տաքսիի վարորդ էր», - ասում է Ներսես Իքչյանը, ով Վիգենին շատ լավ է ճանաչում։
Գերեվարված Մարալի քույրը Անի Նաջարյանն ասում է, որ Վիգենն այս պատերազմին կամավորագրվել է՝ որքան էլ փորձել են հետ պահել․ - «Վիգենը մի շաբաթ կամավոր գնաց։ Մենք չէինք ուզեր, որպեսզի գնա կամավոր։ Բայց որ մենք Արցախը շատ ենք սիրում․․․»
Մեկնել է Մարտունի, բայց մեկ շաբաթից վերադարձել է։
Վիգենին որպես զինյալ ահաբեկիչ ներկայացնող տեսանյութում նաև Վիգենի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարներն ու վիդեոներն են առաջնագծից լիբանանահայ այլ կամավորների հետ։ Հոկտեմբերի 8-ին Վիգենն արդեն Շուշիի հյուրանոցի իր համարից է նկարել Սուրբ Ղազանչեցոցի ռմբակոծությունը։
Ադրբեջանական կողմի համար առաջնագծի լուսանկարները խիստ հարմար են մերձավորարևելյան ծագմամբ վարձկանի կերպարն ամբողջացնելու համար։ Անի Նաջարյանի համար սա զարմանալի էլ չէ․ - «Ինքը վարձկան չի։ Մենք հայերս վարձկան չունենք։ Մենք հողի համար կռվում ենք, մե՛ր հողի համար, ինչո՞ւ մենք պիտի վարձկան բերենք։ Իրե՛նք են վարձկանը բերողը»։
Վիգենի ու Մարալի գերեվարման հարցով նրանց ընտանքիները դիմել են Կարմիր Խաչի կոմիտեին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Այս հարցը ուշադրության կենտրոնում են պահում լիբանանայան լրատվամիջոցները, իսկ Լիբանանի կառավարությունը բողոքի նամակով դիմել է Բեյրությում Ադրբեջանի դեսպանություն։
Իսկ Ադրբեջանը Վիգեն Էուլջեքյանին վարձկանության, ահաբեկչության․․․ ընդհանուր առմամբ հինգ մեղադրանք է առաջադրել։
«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով, Ադրբեջանը սրանով ահաբեկչության դեմ պայքար է ցուցադրում, այնինչ հազարավոր վարձկաններ հենց ադրբեջանական կողմից են ներգրավվել պատերազմում․ - «Լուրջ պետությունների, լուրջ պաշտոնատար անձանց կողմից հայտարարվել է, որ Ադրբեջանի կողմից մասնակցում են բոլոր այդ գործողությունների մեջ հազարավոր վարձկանների Սիրիայից և մինչև անգամ «Իսլամական պետություն» կոչված արգելված այդ կազմակերպությունից։ Էնպես որ, նրանք թողնելով այդ հազարավոր մարդկանց, վերցրել են հայազգի մեկին և դրա օրինակով են ուզում ցույց տալ, որ իրենք էլ են պայքարում պատերազմական իրավիճակներում վարձկանների և ահաբեկիչների ընդգրկման դեմ»։
Ըստ Ալավերդյանի, լիբանանահայ տղամարդուն զինյալ ահաբեկիչ ու հանցագործ դարձնելով՝ Ադրբեջանը նաև ուզում է հասնել իր հիմնական նպատակին՝ վերադարձնել Արցախում տարիներ առաջ դատապարտված Ասկերովին ու Գուլիևին․ - «Այդ նպատակի համար Ադրբեջանը արել է ամեն ինչ, մինչև անգամ ամոթալի այնպիսի գործողություններ, ինչպիսին է հերոսացումը։ Նույն օրինակով, ինչպես Ռամիլ Սաֆարովի հերոսացումն է։ Նրանք արդեն իսկ հերոսացրել են այդ երկու, մինչև անգամ երեք՝ մեկը զոհվել է, անձանց, ովքեր որ սպանություն են գործել կամ մասնակցել են 17 տարեկան Սմբատի սպանությանը»։
Ալավերդյանը շեշտում է՝ միջազգային իրավունքի տեսանկյունից գերիների վերադարձ նշանակում է նաև դատապարտված անձանց վերադարձ։
Արցախը սակայն այս երկուսի վերադարձին դեմ է եղել միշտ․ - «Ինչո՞ւ է Արցախը միշտ մերժել։ Որովհետև ունենք մենք ոչ միայն Ռամիլ Սաֆարովի օրինակը, այլ ընթացող արդեն հերոսացումը մարդասպանների»։
Այսօր թե՛ պաշտոնական Երևանն ու թե՛ Բաքուն հայտարարում են, որ կողմ են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմանը։ Ալավերդյանը հույս ունի, որ սա վերաբերելու է բոլոր գերիներին, նաև մինչև պատերազմը գերեվարված անձանց։
Նա հիշեցրեց, որ համաձայնագրում էլ նշված է՝ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց» փոխանակման մասին։
Գերիների վերադարձի հարցին այսօր նաև նորանշանակ արտգործնախարարն է անդրադարձել։ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան՝ Արա Այվազյանը շեշտել է, որ այս փուլում գերիների ցուցակների հստակեցման և նրանց փոխանակման մեխանիզմների գործարկմանն ուղղված քայլեր են արվում։ Նա վերահաստատել է, որ Հայաստանը կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին ու ակնկալում է, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ չի առաջացնի այս հարցում: