17 կուսակցությունների խորհուրդը որպես վարչապետ առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:
Ըստ տարածած հաղորդագրության, Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը` պարտավորվելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Միաժամանակ, նա պարտականություն է ստանձնում՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
17 կուսակցությունների խորհուրդը որոշել է, ելնելով ստեղծված իրավիճակից, ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում:
«Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների», - ասված է տարածած հաղորդագրությունում:
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարում է. «Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Վարչապետի միասնական թեկնածուն, ըստ հաղորդագրության, դեկտեմբերի 5-ին, ժամը 15-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին «կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը»: