Ըստ Թաթոյանի, միջազգային ատյաններ կներկայացվի գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների մասին 5-րդ զեկույցը

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանն ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը:

Թաթոյանի փոխանցմամբ, այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Զեկույցը վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ իրենք արդեն սկսել են 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:

«Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է», - Ֆեյսբուքում գրել է Թաթոյանը՝ շարունակելով․ - «Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացնում է, որ նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չեն հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Սակայն այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ:

Նշենք, որ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս ահազանգում է՝ ադրբեջանական ուժերն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության ընթացքում գերեվարված էթնիկ հայերի նկատմամբ։