Թուրք զինվորականները շատ սեղմ ժամկետում կսկսեն աշխատանքը Ադրբեջանում, ասում է Աքարը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Թուրք զինվորականները շատ սեղմ ժամկետում կսկսեն աշխատանքը Ադրբեջանում՝ ռուսների հետ համատեղ մոնիթորինգի կենտրոնում, այսօր հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։

«Երկու երկրների սպաները և գեներալները համատեղ կմասնակցեն հրադադարի դիտարկմանը, որպեսզի հաշտությունը տևական բնույթ կրի», - ասել է Հուլուսի Աքարը։

Թուրք նախարարը նշել է, որ այժմ ընթանում է այդ կենտրոնի շինարարությունը, չհստակեցնելով՝ կոնկրետ որտեղ է այն տեղակայվելու։

Ավելի վաղ ռուսական կողմը նշել էր, որ կենտրոնը գործելու է Ադրբեջանի տարածքում, և հենց այդտեղից են Ռուսաստանի ու Թուրքիայի մասնագետները վերահսկելու Ղարաբաղում հրադադարի պահպանումն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը։