Ուսումնասիրվում է 206 անձի պատկանող գույքի ծագման օրինականությունը

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյան

Իրավապահները կստուգեն ավելի քան 200 անձի պատկանող գույքի ծագման օրինականությունը։

Գլխավոր դատախազության տվյալներով, սեպտեմբերից մինչև նոյեմբեր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ, որոնք վերաբերում են հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 անձի։ Որոշվել է ուսումնասիրություններ սկսել 206-ին պատկանող գույքի առնչությամբ։

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն ասում է՝ փորձում են ճշտել՝ արդյոք անձին պատկանող գույքը համապատասխանում է դրա տնօրինողի օրինական եկամուտներին, թե ոչ․ - «Երբ հարուցվում է կամ հարուցված է արդեն իսկ քրեական գործ և անձը ներգրավվել է որպես մեղադրյալ այնպիսի հոդվածով, որը նախատեսված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով, հսկող դատախազը տվյալ գործի նյութերը ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ կասկածի դեպքում ուղարկում է իրավասու մարմնին»։

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով հարստացածների գույքը բռնագանձելու մասին։ Ամիսներ առաջ Գլխավոր դատախազությունում ձևավորվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, որն առայժմ 5 դատախազ ունի։

Դատախազ Գալյանն ասում է, որ յուրաքանչյուր գործի քննությունն առավելագույնը կտևի 2 տարի։ Առայժմ, սակայն, չեն բացահայտում, թե հանրությանը հայտնի որ անձանց գույքն է հայտնվել իրավապահների խոշորացույցի տակ․ - «Երկու տարուց ավել ուսումնասիրություն չի կարող իրականացվել, բացառությամբ այն միակ դեպքի, երբ միջազգային հարցում է ուղարկվել կոնկրետ գործով։ Այդ դեպքում ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ, միայն մեկ տարի ժամկետով։ Կախված նրանից, թե որքան ժամանակ անհրաժեշտ կլինի գործի համար կոնկրետ ապացույցների բավարար շրջանակը հավաքելու համար, արդեն պարզ կլինի, թե երբ կներկայացվեն արդեն հայցադիմումները ըստ հերթականության դատարաններ։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում հանրությունը արդեն կլսի այդ գործիքի գործնականում կիրառության մասին»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որ դեռ թավշյա հեղափոխութունից անմիջապես հետո էր կառավարությանը հորդորում զբաղվել կոռուպցիոն այս գործերով, այժմյան ուսումնասիրությունն ուշացած է համարում․ - «Ես արդեն հոգնել եմ, կարծում եմ, հասարակությունն էլ ա հոգնել մեծ, ճոխ թվերից։ 200-ից ավելի գործեր, 405 հոգուց ավել մասնակից անձանց վերաբերյալ․․․ Էս շքերթի նմանվող ինչ-որ ճոխությունները, էն հայտնի շքերթի ժամանակ հրապարակ են մտնում Իսկանդերները․․․ այս տպավորությունն ա թողնում։ Ու ես հասկանում եմ, որ մենք արդյունք չենք ունենալու»։

Կարապետյանցը կարծում է, որ դատախազության նշած 2 տարի ժամկետը խուսանավելու հնարավորություն կտա ապօրինի գույք ունենալու մեջ կասկածվող մեծահարուստներին։

Նինա Կարապետյանց

Իրավապաշտպանը քաղաքական կամք չի տեսնում ապօրինի հարստացածներին օրենքի դաշտ բերելու հարցում․ - «Ասենք, երկուս ու կես տարի տվել են, որ իրանց գործերը դզեն-փչեն, հասկանան, թե ինչ են անելու։ Ու դեռ երկու տարի էլ էս գործընթացը ընթանալու ա, գուցեև մի տարի էլ ավելացնեն, որպեսզի հնարավորություն ունենան ինչ-որ հարցումներ ստանալու, պատասխաններ ստանալու, և արդյունքում էնտեղ հնարավորություն էլ կա, որ համաձայնության գան որոշակի գումարների շուրջ։ Կներեք, բայց էս ամենը էնքան անլուրջ ա ինձ թվում»։

Ի վերջո, դատարանն է որոշելու, թե արդյո՞ք անձին պատկանող գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով և արդյո՞ք ենթակա է բռնագանձման։

Ըստ դատախազության, եթե դատարան ուղարկվող հայցի ներկայացման պահին գույքի արժեքը գերազանցի 50 միլիոն դրամը, և դատարանը հաստատված համարի դրա ապօրինի լինելը, ապա գույքը կբռնագանձվի հօգուտ պետությանը։

Ինչ վերաբերում է արտասահմանում գրանցված գույքին, այդ դեպքում կբռնագանձվի գույքին համարժեք գումարը։

Գույքի ձեռքբերման օրինականությունը ստուգող կառույցում նաև 3 տնտեսագետ է աշխատում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանն վստահեցնում է՝ գույքը բռնագանձման ենթակա չէ բարեխիղճ ձեռքբերողից․ - «Իսկ բարեխիղճ ձեռքբերող է համարվում այն անձը, ով գույքը ձեռք բերելիս տեղյակ չէր և պարտավոր չէր տեղյակ լինել, որ գույքի օտարողը գույքը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով։ Եթե գույքը փոխանցվել է անձին որպես կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի հատուցում, կամ որպես ալիմենտ, այդ անձը, անկախ նրա բարեխիղճ կամ անբարեխիղճ լինելու հանգամանքից, համարվում է բարեխիղճ ձեռք բերող, և նման պարագայում գույքը ենթակա չէ բռնագանձման այն ձեռք բերած անձից»։

Մինչդեռ Նինա Կարապետյանցը հենց այստեղ խնդիր է տեսնում․ - «Ես չեմ կարծում, որ այնքան միամիտ էին էդ ապօրինի հարստացածները, որ երկուս ու կես տարվա մեջ ջանքեր չգործադրեցին օրենքի բացերը օգտագործելու իրենց գույքը այլ, այսպես ասած՝ բարեխիղճ ձեռք բերողներին փոխանցելու գործընթացը չակտիվացավ ու չօգտագործեցին էդ հնարավորությունը։ Ինչ վերաբերում է, թե ում ա փոխանցելու և ի վերջո ովքեր են լսելու էդ գործերը։ Ասում ա՝ շնորհավորում եմ․ լսելու է նույն դատական համակարգը, լսելու են նույն այն դատավորները, որոնք էսքան տարվա մեջ իրենց պետականամետությամբ չեն առանձնացել»։

Ըստ դատախազության, գործը կարող է չհասնել դատարան, եթե հաշտության համաձայնագիր կնքվի դատախազության հետ։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը քննելու են հակակառուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանները, որոնց ստեղծման վերաբերյալ օրենսդրական փաթեթն արդեն ուղարկվել է խորհրդարան։ Դատական և Քրեական օրենսգրքերում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերը դեռևս Ազգային ժողովի նիստերի օրակարգում ներառված չեն։

Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ 5-ը՝ պետական շահերի պաշտպանության գործերով մասնագիտացմամբ դատավորներ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ կունենա առնվազն 10 դատավոր։