Հայաստանի կառավարությունը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կքննեն կոռուպցիոն գործարքները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հայցերը։
Արդարադատության նախարարության հեղինակած օրենսդրական փաթեթի նախագիծն ուղարկվել է խորհրդարան, դեռևս օրակարգում ընդգրկվածների շարքում չէ։
Ազգային Ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն, փոփոխությունները նախատեսված են Դատական և Քրեական օրենսգրքերում, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում։
Ըստ նախատեսվող փոփոխությունների, հակակոռուպցիոն դատարանը կքննի պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված գործերը։
Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ 5-ը՝ պետական շահերի պաշտպանության գործերով մասնագիտացմամբ դատավորներ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ կունենա առնվազն 10 դատավոր։
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով հարստացածներից գույքը բռնագանձելու մասին։
Փաստաբան Գևորգ Գյոզալյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ գաղափարն ինքնին լավն է, հարց է՝ դրա իրագործումը և ընտրված ներքաղաքական ժամանակշրջանը։
«Որքան մենք շատ ունենանք մասնագիտացված դատարաններ, այնքան գործերն ավելի արագ կքննվեն, այնքան ավելի գործերը պրոֆեսիոնալ մակարդակում քննվեն։ Որովհետև տարանջատումն ինչքան մենք նեղ մասնագիտական տանենք, դրա արդյունքը, ես կարծում եմ, որ կտեսնենք։ Որքանո՞վ է դա ճիշտ այս ժամանակում անել, երբ որ քաղաքական կայունությունը մեր երկրում, կարծես, վերացված է, երբ որ բոլորը գոռում են, երբ որ բոլորն ինչ-որ բան են ուզում, անկեղծ չեմ էլ ուզում պատասխանել այս հարցին։ Չգիտեմ, դա թող քաղաքական ուժը որոշի իր համար։ Բայց, եթե նրանք կարողանան այս գաղափարն իրականացնեն օրենսդրական մակարդակում, ապա դա ինքնին լավ է, բայց օրենսդրական մակարդակը մեկ բան է, պրակտիկ մակարդակը մեկ այլ բան է։ Լավ, եթե օրենքն ընդունեցին, իսկ այդ անձինք ովե՞ր են լինելու», - ասաց Գյոզալյանը։
Նախատեսվում է, որ դատավորների ընտրությունը կկազմակերպի Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։ Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավոր չի կարող նշանակվել այն անձը, որը, լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, ենթարկվել կարգապահական պատասխանատվության և առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում նրա ընդգրկվելու վերաբերյալ արգելք կա` մեկ տարի ժամկետով։
Գևորգ Գյոզալյանը նաև հավելում է՝ շատ կարևոր է, որ դատավոր չնշանակվեն նախկինում տարբեր գործարքների մեջ թաթախված դատավորները։
«Եթե այդ անձինք լինելու են նորից ԲԴԽ ուղարկված, կամ առնվազն Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած, կամ առնվազն այն գործիքակազմը, որ նրանք ունեն, որի անունը դրել են բարեվարքություն, որը ստուգվում է համապատասխան հանձնաժողովի կողմից, այսինքն, եթե այդ գործիքակազմը չաշխատեց ԲԴԽ-ի դեպքում, ինչ-որ մի տեղ Սահմանադրական դատարանի դեպքում, մի պայմանում, երբ որ մասնագիտական հանրույթից շատերը բարձրաձայնում էին ինչ-ինչ խնդիրների մասին, ինչ-ինչ դատավորների հետ կապված, ապա, եթե այդպես է լուծվելու, ապա ես չեմ կարծում, որ այդ դատարանը կգործի արդյունավետորեն։ Այսինքն՝ եթե մենք տեղափոխություն ենք անում՝ վերցնում ենք, տանում ենք մեկ այլ տեղ դատական համակարգում և այդ անձը վարկաբեկված է մասնագիտական հանրույթում, ապա ես չեմ կարծում, որ այդտեղ մեծ տեղաշարժեր, մեծ արդյունք մենք կունենանք», - ասաց փաստաբանը։
Հակակոռուպցիոն դատարանների երկու տարվա՝ 2021-2023 թվականների գործունեության համար պետական բյուջեից նախատեսվում է ծախսել 3 միլիարդ 22 միլիոն դրամ, կամ մոտ 6 միլիոն դոլար։