ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում անդրադարձել է ԼՂ պատերազմին, դրա հետևանքներին ու տարածաշրջանային զարգացումներին

Տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, նիստի օրակարգում են եղել ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման և կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացման, կազմակերպության պաշտպանական բաղադրիչի ամրապնդման հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ամրապնդման և գործընկերային կապերի հաստատման շուրջ:

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ՀԱՊԿ-ում արդյունավետ նախագահության համար և նշեց կազմակերպությունում Տաջիկստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների իրագործմանն աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը հանգամանալից անդրադարձել է «Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, դրա հետևանքներին ու տարածաշրջանային զարգացումներին»: Նախարարն առանձահատուկ ընդգծել է ադրբեջանական կողմի գործողություններում Թուրքիայի անմիջական մասնակցությունը և վերջինիս կողմից Սիրիայի` թուրքական ուժերի վերահսկվողության ներքո գտնվող շրջաններից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավելու համար:

ՀԱՊԿ օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին առնչվող հարցի համատեքստում նախարար Այվազյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել «Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերի վրա, ինչը հղի է ահաբեկչության վտանգը մեր տարածաշրջանի այլ երկրներ ու հարևան տարածաշրջաններ տեղափոխելու հնարավորությամբ»:

Արա Այվազյանը, համաձայն հաղորդագրության, անդրադարձել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատմանն ու Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը՝ հավելելով, որ դաշնակիցների կողմից ակնկալվում է աջակցություն ՌԴ ջանքերին, ինչպես նաև խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Այվազյանը ընդգծել է հումանիտար խնդիրների հասցեագրումը, այդ թվում՝ ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև դիերի հրատապ կերպով փոխանակման, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման կարևորությունը։

ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ընթացքում ընդունվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը։ Նիստին հավանության են արժանացել ՀԱԽ հռչակագրի և հայտարարության նախագծերը, որոնցում անդամ պետությունները հանդես են գալիս զինված հակամարտությունների՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին։ Ջանքեր կգործադրվեն միջազգային ահաբեկչության վտանգների, այդ թվում՝ կապված օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների ֆինանսավորման, պատրաստման, զինման և որպես վարձկաններ զինված հակամարտություններում օգտագործման դեմ պայքարի ուղղությամբ։

Հավանության են արժանացել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը միտված մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) համատեղ նյութատեխնիկական և բժշկական ապահովման մասին համաձայնագրի նախագիծը, 2021-2025թթ․ ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային ռազմավարության նախագիծը և այլ փաստաթղթերի նախագծեր։

Հիշեցնենք, որ այսօր կայացել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: