Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների ու աճյունների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգման միտում չի նկատում, այսօր հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պնդելով, թե գործընթացում առաջ շարժվելու համար կան օբյեկտիվ դժվարություններ։
«Այս դեպքում դժվար է խոսել ինչ-որ միտումնավոր քայլերի մասին, մենք նման բան չենք տեսնում, բայց որ կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք, հուսով եմ, առավել արագ կլուծվեն, դա փաստ է», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Օբյեկտիվ այդ խնդիրների շարքում Լավրովը նշել է տեղանքի ռելիեֆը, ռազմական գործողությունների բնույթն ու անհետ կորածների հստակ ցուցակների բացակայությունը: «Այս պայմաններում շատ բարդ է նման հարցերով զբաղվել», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, հավելելով՝ ռուս խաղաղապահների գլխավոր խնդիրներից մեկն է աջակցել կողմերին գերիների ու աճյունների փոխանակման հարցում։
«Նրանք արդեն մի շարք կոնկրետ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, մենք շահագրգռված ենք, որպեսզի այս մարդասիրական խնդիրը լուծվի հնարավորինս արագ», - ընդգծել է Սերգեյ Լավրովը։