Ֆրանսիայի հայ համայնքը միշտ նեցուկ կլինի հայ ժողովրդին, ասել է Յուրի Ջորկաեֆը՝ վարչապետի հետ հանդիպմանը

Ֆրանսիայի հայ համայնքը միշտ նեցուկ կլինի հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին, այսօր ասել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը։

Վարչապետն այսօր կառավարությունում ընդունել է աշխարհահռչակ ֆուտբոլիստին, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Պարոն վարչապետ, մենք այսօր այստեղ ենք՝ մարդասիրական, բարոյական աջակցություն տրամադրելու համար և նաև վկայելու հայ-ֆրանսիական ամուր կապերի մասին: Մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը, շարունակելու ենք լինել ձեր կողքին», - ասել է Յուրի Ջորկաեֆը:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Ջորկաեֆ եղբայրներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստանի ու Արցախի կողքին լինելու, սատար կանգնելու համար:

«Ուրախ եմ ևս մեկ անգամ հյուրընկալելու ձեզ: Շատ կարևոր է այն գործունեությունը և աջակցությունը, որ Ջորկաեֆների ընտանիքը ծավալում է հանուն Հայաստանի և Արցախի: Այս բարդ ժամանակներում մենք պետք է միահամուռ լինենք և մեկտեղենք համազգային ներուժը՝ դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու համար: Պետք է լինենք առավել ակտիվ և առավել սերտ փոխկապակցված», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի գրասենյակի, հանդիպմանը քննարկվել են ստեղծված իրավիճակում համազգային ներուժի համախմբմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը, հայ-ֆրանսիական բարեկամական հարեբերություններին վերաբերող և այլ հարցեր: