Ծիծեռնավանքի համանուն գյուղում միայն կտուրներից բարձրացող ծուխն է հուշում այն մասին, որ այնտեղ մարդիկ են եղել: Դեռ երկու օր առաջ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն «Ազատությանը» փոխանցել էր, որ բնակիչների 85 տոկոսն արդեն տեղահանված են:
Այսօր վերջինս անվտանգության նկատառումներով նույնիսկ խորհուրդ չէր տալիս գնալ շրջանի հեռավոր գյուղեր, որոնք պետք է ազատվեն մինչև վաղը՝ դեկտեմբերի 1-ը:
Իրարից լեռնային ճանապարհներով բաժանվող հեռավոր գյուղերի ճանապարհներին հանդիպում էին միայն շրջանի ենթակառուցվածքներն ապամոնտաժող մարդիկ, խողովակաշարերով բեռնված մեքենաներ, թարմ կտրված ծառերի բներ:
Ամբողջովին դատարկված էր Ծիծեռնավանքի ճանապարհին գտնվող նորակառույց «Մելիքատուն» հյուրանոցը: Ոչ այնքան խիտ բնակեցված հարևան Տանձուտ գյուղում ավելի շատ էին հին ու փլուզված տները, գյուղում մնացել էին միայն ընտանի կենդանիներ՝ շներ, կատուներ:
Քաշաթաղի շրջանի հանձնվող համայնքներից ամենախիտ բնակեցվածը Քարեգան է, այնտեղից վերջին բնակիչը դուրս էր եկել երկու օր առաջ:
Այս շրջանից, ըստ Հայաստանի կառավարության հրապարակած ցանկի, մինչև դեկտեմբերի 1-ը հանձնվում է 52 համայնք: Բնակիչներին, սակայն, մտահոգիչ տեղեկություններ էր հասել այդ ցանկում տեղ չգտած Բերձորի և Աղավնոյի մասին: Դրանք մնալու են հայկական, փոխանցում էին վարչակազմից՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու:
Աղավնոյից այսօր հայտնեցին՝ ընտանիքների մեծը մասը դուրս է եկել, 9 ընտանիք է մնացել գյուղում: Ինչպես փոխանցեց զենքով համայնքի մուտքի մոտ կանգնած գյուղապետը, ինքն իր ընտանիքի հետ պատրաստվում է մինչև վերջ մնալ գյուղում, նույնը հորդորում է նաև բնակիչներին:
«Եթե ոչ մեկ ինձ պաշտոնապես չի ասել՝ նախագահը, Նիկոլը, թեկուզ ռուսը, չի ասել՝ լքի հողդ, ես իրավունք չունեմ տունս լքելու և չեմ լքի, ունենք մի քանի ընտանիք, որ չեն լքի: Կամ մահ, կամ ազատություն, մենք ընտրում ենք ազատություն և կյանք», - ասաց գյուղապետը: