Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ Հարությունյանը նշել է, որ Արցախի ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ, այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են:
«Այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ», - նշել է ԼՂ նախագահը: