Շարլ ազնավուրի հրապարակից մեկնարկել է մշակույթի գործիչների երթը դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։
Նրանք նամակ կհանձնեն դեսպանություն՝ խնդրելով աջակցել գերիների արագ վերադարձին։
«Շատ հրատապ հարցեր կան երկրի առջև ծառացած։ Ինչ վերաբերում է այս հավաքին, մենք չենք ուզում բարձրացնել այստեղ քաղաքական որևիցե հարց։ Կգնա՞ իշխանությունը, կմնա՞ իշխանությունը, այսօր նշանակություն չունի այս հարցի համար։ Եթե դա հրատապ է հանրապետության համար, դրանով կզբաղվենք վաղը, էսօր րոպե առաջ մենք պետք է վերադարձնենք մեր տղաներին», - ասաց հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը։
Երեկ մշակույթի գործիչները նույնաբովանդակ նամակ են հանձնել Ռուսաստանի դեսպանություն, վաղն էլ կշարժվեն դեպի ԱՄՆ դեսպանատուն։
Նրանք նշեցին, որ ակցիան սկսել են խաղաղ գործընթացը կարգավորող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանություններից, այնուհետև կդիմեն այլ դեսպանություններ, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպություներ։
Նշենք, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը դեռևս չեն հրապարակել ռազմագերիների թիվը։ Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած հայցերով հայտնի է, որ հինգ տասնյակից ավելի ռազմագերի կա Ադրբեջանում։