Ռուսաստանը, ըստ Դուբնովի, Հարավային Կովկասում ստացել է ռազմական ներկայության զգալի աճ

Ռուսաստանը ստացել է ռազմական ներկայության զգալի աճ Հարավային Կովկասում, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արկադի Դուբնովը։

Նրա խոսքով՝ այժմ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդհանուր քանակը հասնում է ավելի քան 10 հազարի: Սա, վերլուծաբանի համոզմամբ, Ռուսաստանի լուրջ վերադարձն է խորհրդային ժամանակներին։

Դուբնով․ - Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, թե ի՞նչ է շահել Մոսկվան դրա արդյունքում։ Այո՛, այստեղ խոսելու բան կա: Եվ սա ընդհանրապես, այսպես ասած, տորթի վրա դրված բալ է։ Ռուսաստանը ստացել է իր ռազմական ներկայության զգալի աճ Հարավային Կովկասում, փաստորեն ստացել է ևս մեկ լուրջ ռազմաբազա, անկախ նրանից, թե այս զորամիավորումը մենք անվանում ենք խաղաղապահ ուժ կամ հումանիտար դեսանտ Ղարաբաղում, սա լուրջ ռազմական ներկայություն է: Ես մեկ անգամ չէ, որ գրել եմ, որ այժմ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդհանուր քանակը, հաշվի առնելով Հայաստանում, Հարավային Օսեթիայում և Աբխազիայում ռազմական անձնակազմի թվաքանակը, հասնում է ավելի քան 10 հազարի: Սա Ռուսաստանի լուրջ վերադարձն է, այսպես ասած, խորհրդային ժամանակներին։

«Ազատություն»․ - Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում Հայաստանին և Արցախին: Հուսահատված մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ կլինի հետո: Հազարավոր փախստականներ ապաստան են գտել Հայաստանում: Հազարավոր երիտասարդներ զոհվեցին, շատերը վիրավորվեցին այս անհավասար պատերազմում: Վշտի մեջ է գրեթե յուրաքանչյուր հայկական օջախ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Բայց մարդիկ նույնիսկ ավելի են սարսափում հետագա հեռանկարների հստակության բացակայությունից: Ի՞նչ կլինի, եթե ինչ-որ մեկը որոշի միջանցք կտրել Մեղրու շրջանում`զրկելով Հայաստանին Իրանի հետ սահմանից: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

Դուբնով. - Ես խոսեմ հարցի առաջին մասից։ Ես տեսնում եմ դրանում, ինչ-որ իմաստով իմ խոսքերի հաստատումը։ Ներեցեք ինձ, որ շատ եմ հղում անում իմ ասածներին, բայց եթե դուք հետևել եք, ապա դեռ հոկտեմբերին ես ասել եմ, որ գուցե կարիք լինի վերադառնալ 19-րդ դարի սկզբի ժամանակներին, նույն 1805 թվականի Կուրեկչայի խաղաղությանը, երբ Լեռնային Ղարաբաղը դարձավ Ռուսաստանի պրոտեկտորատ, որի պարագայում Ռուսաստանը ապահովում է բուն Ղարաբաղի անվտանգությունը՝ առանց Հայաստանի գրաված յոթ շրջանների, որոնք Հայաստանը գրավել էր Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար։ Այո՛, հետո լուծվում են փախստականների վերադարձի հարցերը և այլն: Այսինքն՝ Ղարաբաղն, ըստ էության, մնում է հայկական իշխանության տակ, այսինքն՝ Ղարաբաղի այն հատվածը, որտեղ այսօր, այս պահին, հայեր են ապրում, ըստ էության, մնում է հայկական, ոչ թե Հայաստան, այլ մի տեղ, որտեղ ապրում են հայերը, որտեղ նրանք ինքնակառավարվում են, և Ռուսաստանը դառնում է, այսպես ասած, Ղարաբաղի ռազմաքաղաքական հովանավորը՝ այն չտալով Ադրբեջանին և, փաստորեն, թողնելով այն հայերին: Ի՞նչ ենք մենք տեսնում այսօր: Մենք իրականում տեսնում ենք այն պատկերի ուրվագծերը, որոնց մասին ես խոսում էի: Եվ այս տեսանկյունից, հայերը, որոնք մնում են այն հատվածում, որը չի տրվել Ադրբեջանին, բացառությամբ Շուշիի, կարելի է ասել, որ, ընդհանուր առմամբ, այո՛, դա որոշ չափով ռուսական պրոտեկտորատ է դառնում:

Էլ ինչպե՞ս կարելի է։ Ռուսաստանն այսօր, փաստորեն, մատակարարումն էլ է իրականացնում. ջերմամատակարարման, սննդամթերքի մատակարարման, ջրի և մարդկանց գոյության համար անհրաժեշտ այլ, այլ հանգամանքներ։ Ըստ էության, այժմ Ռուսաստանն է ստանձնել այս գործը: Թե ինչպե՞ս է այնտեղ գործում այսօր հայկական վարչակազմը, որը գործել է Ստեփանակերտի անունից, արդյո՞ք նա ունի իր սեփական որևէ լիազորություն, արդյո՞ք ռուսները կիսում են նրանց հետ, դա իսկապես հարց է, ես դա չգիտեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև