Սահմանամերձ գյուղերը հնարավոր է զարգացնել. Վահան Թումասյանը եղանակներ է առաջարկում

Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը բարերարների օգնությամբ հայ-թուրքական սահմանին գտնվող Խարկով գյուղում 30 հեկտար վարելահող է վարձակալել և աշնանացան ցորեն ցանել՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ սահմանամերձ գյուղերը հնարավոր է զարգացնել նման ծրագրերի շնորհիվ։ Մոտ 3 տասնամյակ անմշակ մնացած հողատարածքը վարել-ցանելը, սակայն, դժվար է ու ծախսատար, խոստովանում է կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը։

«Հսկայական աշխատուժ ենք օգտագործել քարերից մաքրելու, մի քանի անգամ վարելու, մի քանի անգամ նորից այդ հողերի վրա աշխատանք կատարելով այն դեպքում, երբ որ ամբողջ այդ շրջանը մի նորմալ գյուղտեխնիկա չունի: Ես կես կատակ-կես լուրջ ասել եմ, որ այն գյուղտեխնիկայով, որով մենք այս տարի աշխատեցինք, և որն օգտագործում են այս շրջանի գյուղերը, գրեթե հարյուր տոկոսով, դրանք ընդամենը Խորհրդային Միության գյուղտեխնիկայի թանգարանի ենթակա կամ արժանի նմուշներ են», - ասում է նա:

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի համայնքների մեծ մասի վարելահողերը սահմանային ուղեկալից այն կողմ են՝ հայ- թուրքական սահմանին: Միայն Անիի տարածաշրջանում 800 հեկտար նման հողատարածք կա, որի չնչին մասն է մշակվում: Վահան Թումասյանն ասում է՝ հիմա շատ լավ է հասկանում, թե սահմանին ապրող գյուղացին ինչու է տասնամյակներով հողն անմշակ թողել. «Քանի որ տարիներ շարունակ չի մշակել, հիմա ավելի ծանր է լինելու իր համար, ավելի ծախսատար է լինելու, դրա համար ամեն մարդ չէ: Կան հատուկենտ մարդիկ, որոնք այդ հողերը գնել կամ վարձակալել են սեփականատերերից կամ սեփականատերն են, որ տարիներ շարունակ, այնուամենայնիվ, գնացել, մշակել են իրենց հողերը, մի քիչ շատ փոքր` 1-2 տոկոսն է այդ հսկայական տարածքների: Նաև սահմանային ռեժիմի պատճառով է դժվար, որովհետև սովորաբար գյուղացին առավոտ շուտ է գնում դաշտ` աշխատելու, իսկ սահմանը բացվում է մոտավորապես 10:30-11-ին, և երեկոյան աշխատանքային ժամն ավարտելիս պետք է դուրս գան, այսինքն` դու ունես մի քանի ժամ աշխատելու հնարավորություն այդ դաշտերում»:

Արցախում պատերազմի հետևանքով կորցրած բերրի հողատարածքները պետք է փոխարինվեն սահմանային գյուղերի ցանքատարածություններով, հիմա անմշակ հողեր ունենալը շռայլություն է, կարծիք է հայտնում Թումասյանը։ Դրա համար կառավարությունից 3 հստակ քայլ է ակնկալում. «Սահմանային ռեժիմի թեթևացում, գյուղտեխնիկայի տրամադրում, նաև որոշակի աջակցություն այն մարդկանց, որոնք իրականում ցանկություն ունեն հողագործությամբ զբաղվելու այդ տարածաշրջանում»:

Ախուրյան գետի մյուս ափին, ասում է, Թուրքիան ժամանակին նույն քարհավաք ու քարաղաց մեքենաներով կարողացել է վերականգնել գյուղատնտեսական հողատարածքները, անզեն աչքով էլ երևում է, որ սահմանից այն կողմ անմշակ հողեր չկան։ Հետաքրքրվել է՝ քարհավաք ու քարաղաց մեքենաներն այնքան էլ թանկ չեն. «20-25-30 հազար դոլար, բայց մի մեքենան ամբողջ մի 5-6 գյուղի համար կարող է օգտագործվել, որովհետև հրաշք գործ կլիներ: Միայն Խարկովի հողակտորների մասին չի խոսքը, ուզենք-չուզենք աշխարհում նոր հայտնի տեխնոլոգիաները պետք է ներդնենք գյուղատնտեսության մեջ»:

Թումասյանի հաշվարկներով՝ խորհրդային հնամաշ տեխնիկայով վար ու ցանք անելը գյուղացիների համար եռակի թանկ կարժենա, հետագա տարիներին ծախսը կնվազի։ Ասում է՝ գյուղացին, որ եկամտի ակնկալիքով է հողը մշակելու, բերքի իրացման հարցում պետք է պետության աջակցությունը զգա. «Նաև որոշակի արտոնություններով բերքի ձեռքբերում կամ սերմացուի տրամադրում: Եթե 1-2 տարի պետությունը զբաղվի, մենք հսկայական և աշխատատեղի խնդիր կլուծենք, էլ չեմ խոսում տուրիզմի զարգացում, պատմաճարտարապետական հուշարձանների պահպանություն և այլն: Ես խոսում եմ միայն գյուղաբնակ ընտանիքների սոցիալական խնդիրները գյուղատնտեսական աշխատանքով, հողագործությամբ ապահովելու համար»:

Պետք է այնպես անել, որ սահմանային գոտում ապրող գյուղացին մշակի հողը, ոչ թե ինչ-որ օլիագարխ, պնդում է Թումասյանը և նկատում՝ վերջին շրջանում ուղիղ պատմական Անիի ավերակների դեմ-դիմաց գտնվող Խարկով գյուղի նկատմամբ տուրիստական հետաքրքրությունը մեծացել է։ Տարածքում նաև անասնապահությունը կարելի է զարգացնել, սակայն կրկին սահմանային ուղեկալի հետ կապված խնդիր կա, և գյուղացին կենդանիներին դժվարանում է հասցնել արոտավայր։ Եթե զուգահեռ ոռոգման հարցն էլ լուծվի, ապա Անիի տարածաշրջանի ամենաաղքատ գյուղերը կարող են զարգանալ։ Վահան Թումասյանն ասում է՝ իրենց ցանած ցորենը արդեն ծիլ է տվել, սպասում են հաջորդ տարվա բերքին։