Պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել Կարմիր Խաչի գրասենյակի ղեկավարների, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան, արխիվ

Հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության միջնորդությամբ՝ սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացների ուղղությամբ ԿԽՄԿ պատվիրակության կողմից ցուցաբերվող աջակցությանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ շաբաթ օրն ընդունելով Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին:

Եվս մեկ անգամ առանձնահատուկ նշվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան հատվածներում՝ մարտական գործողությունների անցկացման տարածքներում, ռուսական խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ պատվիրակության միջնորդությամբ, զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքների իրականացման կարևորությունը:

ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ պատվիրակությունը իր իրավազորության շրջանակում կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը վերոնշյալ գործընթացի կազմակերպման ուղղությամբ:

Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում տիկին Մեյթրոյի գործունեությունը և պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին մաղթել արգասաբեր աշխատանք՝ հետագա առաքելության ընթացքում:

Գերիների վերադարձի, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքների անցկացման և զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի կարևորությունը Հայաստանի պաշտպանության նախարարը հատուկ շեշտադրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ։ Նշվել է, որ այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Լեռնային Ղարաբաղում ձևավորվել է հատուկ շտաբ, որի կազմի մեջ է մտնում նաև Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հարությունյանի խնդրանքով Մուրադովը ներկայացրել է խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը և իրավիճակը խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրերում։