Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:
Վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը:
Քլեր Մեյթրոն մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: