Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին այսօր տեսակապով մասնակցել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումներին:
Նավալնին Եվրոպական միությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել «նախագահ Վլադիմիր Պուտինին շրջապատող մի խումբ ավազակների» նկատմամբ:
Նա ասել է, թե «օլիգարխները Ռուսաստանում ժամանակավորապես զավթել են իշխանությունը, հետևաբար Եվրոպական միությունը պարտավոր է նոր ռազմավարություն իրականացնել Ռուսաստանի նկատմամբ»:
Նավալնին կոչ է արել «ուսումնասիրել Պուտինի հետ սերտ կապեր ունեցող Ռոման Աբրամովիչի, Ալիշեր Ուսմանովի, Արկադի Ռոտենբերգի և այլ միլիարդատերերի բանկային հաշվեհամարները»:
Հոկտեմբերին Եվրամիությունը և Բրիտանիան սառեցրել են մի շարք ռուսաստանցիների հաշվեհամարները և Եվրոպա մուտք գործելու արգելք են սահմանել նրանց նկատմամբ:
44-ամյա Նավալնիին օգոստոսին թունավորել են «Նովիչոկ» տեսակի քիմիական զենքով, սակայն նա ողջ է մնացել և տեղափոխվել է Գերմանիա, որտեղ 32 օր բուժվել է Բեռլինի հիվանդանոցում:
Արևմուտքի և Նավալնիի աջակիցների ու ազգականների պնդմամբ, մահափորձը ռուսական ծառայություններն են կազմակերպել:
Նավալնին կոչ է արել Եվրամիությանը չճանաչել 2021 թվականին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները: