Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ընթացքում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Խոսակցություն եղավ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների գործողությունների և մարդասիրական առաքելության շուրջ»,- ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, նախագահը խորհրդի մշտական անդամներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության և ներքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վլադիմիր Կոլոկոցևը, Անվտանգության դաշնային ծառայության և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեններ Ալեքսանդր Բորտնիկովը և Սերգեյ Նարիշկինը: