Թուրքիայում լույս տեսնող փոքր տպաքանակ ունեցող թերթերն, այդ թվում՝ հայկական պարբերականները, համավարակի պայմաններում նյութական դժվարին կացության մեջ են հայտնվել:
«Ակօս»-ի փոխանցմամբ, Թուրքիայում տեղական թերթերին պաշտոնական հաղորդագրություններ և գովազդ տրամադրող հիմնարկն այս տարի ֆինանսական օգնություն չի տրամադրելու փոքրամասնությունների համայնքների մամլո օրգաններին:
Մինչև 1970-ականները համայնքային թերթերը պաշտոնական հայտարարություններ հրապարակելու իրավունք ունեին և այդպիսով հավելյալ եկամուտ էին ստանում: Հետագա տարիներին նրանք այդ իրավունքից զրկվեցին և միայն 2011 թվականից սկսեցին ֆինանսական օժանդակություն ստանալ որպես փոխհատուցում:
Կառույցի 2020 թվականի տարեկան ժողովում, սակայն, թերթերին նյութական օգնություն տրամադրելու մասին որոշում չի կայացվել, և հարցի քննարկումը տեղափոխվել է հաջորդ տարվա փետրվարյան նիստ: Այնինչ փոքրամասնությունների թերթերը դիմել էին կառույցին՝ նախատեսված օգնությունը ժամկետից շուտ հատկացնելու հարցով:
Թերթերին պաշտոնական հաղորդագրություններ և գովազդ տրամադրող հիմնարկը չի պարզաբանել, թե ինչու այս տարի Լոզանյան փոքրամասնությունների երեք համայնքների՝ հայերի, հույների և հրեաների օրաթերթերը, շաբաթաթերթերն ու ամսաթերթերը չեն ստանալու սահմանված գումարը: