Թրամփը կազատի Սպիտակ տունը, եթե Ընտրիչների կոլեգիան ճանաչի Բայդենի հաղթանակը

Ընտրյալ նախագահ, դեմոկրատական Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը, արխիվ

ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը երեկ ասել է, որ կլքի Սպիտակ տունն այն դեպքում, եթե Ընտրիչների կոլեգիան հաղթող ճանաչի Ջո Բայդենին։

«Իհարկե, ես կգնամ, և դուք գիտեք այդ մասին»,- երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գործող նախագահը:

Բարձրաստիճան հանրապետական գործիչները մինչ այդ տարբեր առիթներով նկատել են տվել, որ Ընտրիչների կոլեգիայի որոշումից հետո Թրամփը կազատի Սպիտակ տունը, սակայն երեկ առաջին անգամ այդ մասին անձամբ Թրամփն է հայտնել:

Գործող նախագահը միաժամանակ ասել է, թե «Ընտրիչների կոլեգիան մեծ սխալ կգործի, եթե որոշի ճանաչել Բայդենի հաղթանակը»:

Ընտրիչների կոլեգիան այս տարվա դեկտեմբերի 14-ին պետք է ժողով գումարի և պաշտոնապես ազդարարի, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում:

Բայդենը վաստակել է կոլեգիայի անդամներից 306-ի, իսկ Թրամփը՝ 232-ի աջակցությունը: Թրամփը պնդում է, որ դեմոկրատակաները տարբեր եղանակներով կեղծել են ընտրությունները:

Նա չի ճանաչել պարտությունը և չի շնորհավորել Բայդենին, սակայն Սպիտակ տունը նոյեմբերի 23-ին ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների գործակալությանը պաշտոնապես թույլատրել է կապ հաստատել Բայդենի թիմի հետ և կատարել անցումային ժամանակաշրջանում օրենքով նախատեսված ընթացակարգային գործողությունները:

Դրանց շարքում են Բայդենի թիմին ֆինանսական միջոցների և գրասենյակների տրամադրումը, դաշնային մակարդակի պաշտոնյաների հետ հանդիպումների կազմակերպումը և անվտանգության ոլորտում տեղեկատվությունների փոխանցումը: