Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ ամեն ինչ կանի, որ գերատեսչություններն առավել արագ, ոչ երկիմաստ ու պարզ ներկայացնեն իրադարձությունները

Ռուբեն Ռուբինյան, արխիվ

Հայաստանի սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել, ֆեյսբուքում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Սոթքի խնդրին։

«Գիտեմ, որ Սոթքի հանքի շուրջ այսօրվա իրադարձությունների հետ կապված շատերիդ մոտ տպավորություն կա, որ ադրբեջանցիներն անարգել խախտել են ՀՀ սահմանը՝ սրանից բխող անպաշտպանության և անկազմակերվածության զգացմամբ։ Ամբողջովին հասկանում եմ։ Բայց իրականությունն այլ է։ Իրականում այս հատվածում իրականացվում են սահմանազատման աշխատանանքներ, որոնց մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում է ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության Ադրբեջանին անցնող Քարվաճառի շրջանի մեջ։ Այսինքն՝ ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել։ Որևէ նոր զիջում տեղի չի ունեցել», - գրել է Ռուբինյանը։

Հանձնաժողովի նախագահը խնդիրը տեսնում է համապատասխան գերատեսչությունների թերացումների մեջ։

«Խնդիրն այն է, որ մեր համապատասխան գերատեսչությունները սա ճիշտ ժամանակին չեն բացատրել։ Չեն բացատրել, որ այս հատվածում տեղի չի ունեցել որևէ նոր բան, որը դուրս է նոյեմբերի 10-ի հայտարարության տրամաբանությունից։ Մոտ օրերս ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ գերատեսչությունները առավել արագ, ոչ երկիմաստ ու պարզ ներկայացնեն իրադարձությունները»։

Երեկ Սոթքի վերաբերյալ հակասական լուրեր էին տարածվում. գյուղապետը հաստատում էր, ՊՆ-ն ու վարչապետի խոսնակը հերքում էին, թե ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայր։

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը երեկոյան կողմ ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը։ Պատկան մարմիններ արձագանքեք»։

Ավելի ուշ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքեց տեղեկատվությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։