Երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացնում է, որ Փաշինյանը լսել է նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրել տարվող աշխատանքների վերաբերյալ։
«Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման և հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգյանը։
Վերջին օրերին վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած զինվորների հարազատների մի քանի խմբերի հետ։
Փաշինյանը, հիշեցնենք, կեսգիշերն անց տեղեկացրեց, որ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք քննարկել են նաև անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցեր։