Սոթքի հանքը «կիսով չափ մեր, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում», մանրամասնում է ԳՇ պետի տեղակալը

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքում է այսօր տարածված տեղեկատվությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։ «Մեր կողմից կարող է ասվել, հաստատվել, և հետագայում էլ եթե անհրաժեշտություն լինի, կփաստվի, որ այդպիսի հարցեր չեն առաջացել», - քիչ առաջ ասուլիսի ընթացքում ասաց նա, ապա մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել:

«Ադրբեջանական զորքերը, Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, ուղեփակոցին, խնդիր է բարձրացվել, որ սա մեր տարածքն է, և այս տարածքից այն ուժերը, որոնք իրականացնում են տարածքի պահպանություն պետք է դուրս գան, ընդ որում աշխատանքները, որոնք իրականացվում կամ համակարգվում են մեր կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող անձը` կորպուսի հրամանատարը, բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ` պահանջելով դուրս գալ այդ տարածքից: Մեր կողմից զգուշացվել է, որ սա ինչ պատկանելություն ունի, ում կողմից է, մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այդպիսի պահանջներ կան: Ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող համապատասխան զինվորականների հետ իրականացվել են բավականին երկար բանակցություններ, որից հետո ինչ համաձայնություն են ձեռք բերել, և հետագայում ինչ տիպի զարգացում տեղի կունենա, ես չեմ կարող ասել: Այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել», - հայտնեց ԳՇ պետի տեղակալը:

Ըստ պայմանավորվածության` հայկական զինված ուժերը և տարածքի ազգաբնակչությունը երկարաձգված ժամկետով ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից ամբողջությամբ դուրս եկած լինեին, ինչն, ըստ Խաչատրյանի, իրականացվել է:

Միաժամանակ նա նշեց, որ Սոթքի ոսկու հանքի և տարածաշրջանի հետ կապված հանքը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար, հանքի եզրագծում ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ, սա կատարվել է ռուսական կողմի ուժերով:

Տիրան Խաչատրյանը նշեց, որ Քարվաճառ տանող ճանապարհին տեղադրված ուղեփակոցը, անցակետը եղել են ռուսական, տեղադրված է եղել դրա մոտակայքում նաև կառույց, որտեղ պետք է բնակվեին այնտեղ ծառայություն իրականացնող անձինք:

«Դա ներկայացվել է, որպես վարչական շենք, որը նույնականացվել է հանքի շահագործման տարածքի ու կառույցների հետ: Դա այդպես չէ: Հանքի տարածքում շահագործման հետ կապված տարածքի ու շինությունների հետ կապ չունի: Մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են մեր պետական սահմանի նախկինում գոյություն ունեցող եզրագծով, մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր, չունենք դիրք, որը գտնվի սահմանագծից հետ», - հայտարարեց Տիրան Խաչատրյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ հայկական, կիսով չափ ադրբեջանական վերահսկողության տարածքում է. «Կիսով չափ մեր, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում: Հանքի շահագործող լինելու է հանքի տերը»:

Ամբողջական դիտեք այստեղ.