Հակասական լուրեր Սոթքից. գյուղապետը հաստատում է, ՊՆ-ն ու վարչապետի խոսնակը հերքում, թե ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայր

Սոթքի ոսկու հանքավայրը, արխիվ

Վարչապետի մամուլի քարտուղարն ու Պաշտպանության նախարարությունը հերքում են տեղեկությունն այն մասին, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք։

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց. «Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ որևէ ադրբեջանցի մուտք չի գործել Սոթքի հանք»:

«Ազատության» հարցին՝ հանքն ամբողջությամբ գտնվում է Հայաստանի իրավազորության ներքո՞, վարչապետի խոսնակը պատասխանեց. «Այո»:

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը երեկոյան կողմ ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը։ Պատկան մարմիններ արձագանքեք»։

Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը «Ազատության» զանգերին չպատասխանեց։ Aysor.Am-ին փոխանցել է, որ ադրբեջանցիները մուտք են գործել Սոթքի հանքի տարածք. «Ինֆորմացիան ճիշտ է, բայց այնպես չէ, որ այս պահին կրակոցներ կամ ինչ-որ հարձակում է, եկել են, դիրքավորվել են ու պահանջել են տարածքն ազատել։ Հիմա բանակցություններ են գնում»։ Ավետյանը հավելել է, որ հանքի աշխատակիցները լքում են տարածքը, սակայն որևէ մեկին վտանգ չի սպառնում։

Քելբաջարի շրջանը Ադրբեջանին հանձնելու նախօրեին հայկական կողմը Սոթքի ոսկու հանքի գրեթե հարևանությամբ՝ դեպի Քարվաճառ տանող ճանապարհին նոր անցակետ տեղադրեց՝ ճի՛շտ այն հատվածում, ուր կանգնած է «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» հայտնի ցուցանակը։ Նոյեմբերի 24-ի երեկոյան, երբ «Ազատության» նկարահանող խումբը վերադառնում էր Քարվաճառից, անցակետի շինաշխատանքները գրեթե ավարտվել էին։

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ադրբեջանական զինուժի ավտոշարասյունը ինչպես է անցնում դարպասները բաց անցակետով։

«Իմ քայլը» խմբակցությունից վերջերս դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ադրբեջանական կողմը կոտրել է հայկական անցակետի դարպասները և առաջ է եկել։

«Ես ուզում եմ ծանուցել, որ քիչ առաջ ես խոսեցի կորպուսի հրամանատարի հետ, այն պահի դրությամբ, երբ ես խոսեցի, հանք ներխուժելու մասով ինֆորմացիան չհաստատվեց, բայց այն, որ դարպասները կոտրվել են և առաջ են գալիս ու պիտի ուրիշ տեղ դրվեն, դա հաստատվեց, ու դա մեղմ ասած խայտառակություն է: Ես չեմ հասկանում եռակողմ պայմանագրի երրորդ կամ երկրորդ կողմն ո՞ւր է», - ասաց Թովմասյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի զինվորականների համատեղ ուժերով արբանյակային կապի տեղորոշման սարքերով՝ GPS-ով ներկայում այդ թվում Սոթքի շրջանում տեղի են ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հստակեցման աշխատանքներ։ Ալթունյանը չբացառեց, որ աշխատանքների ավարտին հայկական անցակետի տեղակայման վայրը փոխվի, քանի որ կան որոշակի անճշտություններ և սահմանի որոշ հատվածներում հայկական կողմը պետք է մի քիչ առաջ գնա, որոշ հատվածներում էլ՝ ադրբեջանական կողմը։

Ալթունյանը հերքեց տեղեկությունը, թե ադրբեջանական զինուժը կոտրել է անցակետի դարպասները՝ հիշեցնելով, որ այդ հատվածում հայկական այն զորախումբն է, որ պատերազմի ժամանակ թույլ չտվեց Ադրբեջանի բանակին առաջ գալ։

Ըստ առկա քարտեզների՝ Սոթքի հանքավայրի մի մասը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ մյուս մասը՝ Քելբաջարի շրջանում, որը երկու օր առաջ անցավ Ադրբեջանին։