«Ինչ պատահեց և ինչու»․ - այսպես է վերնագրել հայ երբեմնի ամենաազդեցիկ և փորձառու դիվանագետներից մեկը՝ 1991-97 թվականներին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի, ապա նաև գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ժիրայր Լիպարիտյանը Բոստոնում լույս տեսնող Armenian Mirror Spectator պարբերականում իր հոդվածը։
Հրապարակման մեջ Լիպարիտյանը պատերազմում Հայաստանի պարտության վեց հիմնական պատճառներ է մատնանշում։
Նախ և առաջ, գրում է Լիպարիտյանը, «մենք պարտվեցինք մի պատերազմում, որից հարկավոր էր խուսափել ամեն գնով և որում մենք ի վիճակի չէինք հաղթել»։
Բացի այդ, ըստ պաշտոնաթող դիվանագետի, պատերազմի հետևանքով հայ ժողովրդի ևս մեկ հատված կորցրեց նախնիների օջախները և այնտեղ հավաքականորեն ապրելու հնարավորությունը։
«Կորցրեցինք մեր ամենաթանկագին արժեքներից մեկը՝ երիտասարդների մի ամբողջ սերունդ», - գրում է Լիպարիտյանը՝ հավելելով․ - «Մենք կորցրեցինք նաև մեր անկախության և ինքնիշխանության ևս մեկ չափաբաժինը»։
Խոսելով պատերազմից անմիջապես հետո Հայաստանում տիրող մթնոլորտի մասին՝ Ժիրայր Լիպարիտյանն արձանագրում է․ - «Արկածախնդիրները, պատեհապաշտներն ու վայ-հայրենասերներն ի ցույց են դնում ձեռքի տակ եղած ամեն ինչ՝ պատերազմի ընթացքում կատարված ամենամանր սխալներից մինչև դավադրության ամենաանհավանական տեսությունները, անխոհեմ որոշումներից, փոքրոգության և դասալքության մեղադրանքներից մինչև մահապատժի արժանի դավաճանության մասին պնդումները»։
Ըստ Լիպարիտյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ սխալներ գործել է, սակայն այսօր նրա հրաժարականը պահանջող ուժերը տարիներ շարունակ ձախողման բերած քաղաքական կուրսի ջատագովներն էին։ Այս ուժերը, ընդգծում է պաշտոնաթող դիվանագետը, ծափահարում էին Փաշինյանին, երբ նա մերժում էր Լավրովի պլանը՝ կարգավորման մի ծրագիր, որն, ըստ Լիպարիտյանի, ավելի ձեռնտու էր, քան այն, ինչ ստացավ հայկական կողմը պատերազմի հետևանքով։
«Բուն վարչապետ Փաշինյանի պարագայում հարկավոր է երկու գործոն հաշվի առնել», - գրում է Ժիրայր Լիպարիտյանը, - «Առաջինը՝ նրա միանգամայն ազնիվ, բայց անտեղի և վտանգավոր հավատն էր առ այն, որ Հայաստանի ժողովրդավար լինելը միջազգային աջակցություն կապահովի Ղարաբաղի խնդրում, և որ Արևմուտքի համար Հայաստանի ժողովրդավարությունն ավելի կարևոր է, քան իր սեփական շահը»։
Բացի այդ, ըստ Լիպարիտյանի, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չցանկացավ պետական գործչին բնորոշ պահվածք ցուցաբերել՝ «բանակցություններ վարելով գրավյալ շրջանների խաղաղ և կանոնակարգված վերադարձի մասին՝ սեփական հողում ապրող մարդկանց անվտանգության համարժեք երաշխիքների դիմաց»։
Այն որ նման բանակցություններից խուսափելն անհնարին էր, Լիպարիտյանը վստահ է։
«Ավելի քան 20 տարի էր, ինչ Արևմուտքն ու Արևելքը, Հարավն ու Հյուսիսը մեզ ասում էին, որ Ղարաբաղի անկախությունը չեն ճանաչելու և որ Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանները համարում են գրավյալ տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն՝ առանց հաշվի առնելու դրանց հանդեպ հայկական վերահսկողության պատճառները», - նշում է նախկին դիվանագետը։
Չնայած այդ ամենին՝ հայկական քաղաքական դասի գերակշիռ մասը, Ժիրայր Լիպարիտյանի համոզմամբ, շարունակում էր մնալ պատրանքների գրկում։
«Մեր քաղաքական կուսակցությունների և առաջնորդների մեծ մասի հիմնարար խնդիրը մտածելակերպն է։ Մեր խնդիրը մեր քաղաքական մշակույթն է, որ հիմնված է երազանքների, բայց ոչ կուռ փաստերի վրա։ Մեզ թվում էր, որ «ոչմիթիզականության» ռազմավարությունը ճիշտ է, քանի որ մեր դատն արդար է», - արձանագրում է Լիպարիտյանը, հանգելով եզրակացության, որի համաձայն՝ նման մոտեցումներն ի վերջո պետք է հանգեցնեին բանակցությունների տապալմանն ու պատերազմին։
«Քանի որ մեր հակառակորդները չէին ցանկանում տալ մեզ այն, ինչ մենք էինք երազում, ուրեմն նրանք ճկուն չէին և ի վիճակի չէին բանակցել։ Այդ իսկ պատճառով մենք նշում էինք, որ պատերազմն անխուսափելի է, և դրա բռնկումը մեր մեղքը չէ։ Որպես հետևանք՝ մեր այս տրամաբանությունը հանգեցրեց անխուսափելի մի եզրահանգման, թե պատերազմն անգամ ցանկալի է, և այդ պատերազմի ընթացքում մենք անկասկած հաղթելու ենք ու թշնամուն ստիպելու ենք ընդունել մեր պայմանները, տրամաբանությունն ու որոշումները», - հայաստանյան քաղաքական միջավայրում պատերազմից առաջ տիրող տրամադրություններն ամփոփելով գրում է Ժիրայր Լիպարիտյանը՝ եզրակացնելով․ - «Նման պայմաններում ուժերի իրատեսական ցանկացած գնահատական որևէ նշանակություն չուներ, և պատերազմական ռիսկերն ավելի ընդունելի էին, քան խաղաղ կարգավորմանը բնորոշ ռիսկերը»։