Դեռ պարզ չէ՝  Բերդաշենի նռան այգիները կմնան հայկական, թե ադրբեջանական կողմում

Արցախի Բերդաշեն գյուղի նռան այգիները կմնան հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմում, դեռ պարզ չէ։

Մարտունու շրջանի այս գյուղը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ հայկական կողմում է մնացել, բայց մշակովի հողերի ու այգիների ճակատագիրն անորոշ է։ Գյուղացիները սեփական ուժերով են փորձում փրկել իրենց հողն ու այգին։

Բերդաշենցի Կամո Աղաջանյանը երեկ լրատվամիջոցներով ահազանգել էր, թե ադրբեջանցիները, ռուս ներկայացուցչի ու մի հայ գնդի հրամանատարի հետ եկել ու սահմանն են գծել։ Նրա խոսքով՝ այնպես են գծել, որ իր նռան այգուց երկու հեկտար հակառակորդին է մնացել։ Կամո Աղաջանյանն ասում է, որ խմբին տեսնելով՝ մոտեցել է ու որքան կարողացել է, բանակցել է, որ իր այգին փրկի։

«Ռուս գնդապետը նստեց իրանց մեքենան գնաց։ Էդ ռուս գնդապետին ասեցի, բացատրեցի, թե որտեղից ա սահմանը սկսվում, հետո թուրքն եկավ միջամտեց, ասում ա՝ «արդեն խաղաղություն ա»։ Ասում ա՝ «կասկածո՞ւմ ես, որ արդեն խաղաղություն ա»։ Ես էլ ասել եմ, որ ժամանակը ցույց կտա», - պատմեց Աղաջանյանը։

Նրա փոխանցմամբ, իր բանակցելուց հետո արտն ու այգին առայժմ այս կողմում են մնացել՝ Ադրբեջանի սահմանից մի քանի մետր հեռավորությամբ։ Նա ընդգծում է՝ անկախ ամեն ինչից աշնանացան անելու է, առանց այդ էլ պատերազմի պատճառով շատ է ուշացրել։ Այսօր էլ ընկերներով այգու բերքն են հավաքում, թե հետո ի՞նչ կլինի, դեռ չգիտեն։

«Ասֆալտապատ ճանապարհ ա անցնում, ճանապարհի տակն իրանք են, վերևն էլ ես եմ։ Անվտանգության հարցը պատկան մարմինները թող լուծեն, ես ինչ, ես կգամ, կաշխատեմ կգնամ։ Հեսա ցորեն եմ ուզում ցանեմ», - ասաց բերդաշենի բնակիչը։

Ըստ Հայաստանի կառավարության հրապարակած ցանկի, Մարտունու շրջանից Ադրբեջանին է անցել վեց՝ Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ, Վազգենաշեն գյուղերը։

Ցավն այն է, որ մնացածի սահմանն էլ գծում են հօգուտ Ադրբեջանի, նեղսրտում է Բերդաշենի բնակիչը։ Ինչ էլ որ լինի, ասում է, գյուղից չի հեռանալու, չորս երեխա ունի ու թոռներ։ Նա հույս ունի, որ ղեկավարությունն անվտանգությամբ կզբաղվի։

«Սեփական հողակտորի համար չեմ մտածում, բայց որ սահմանը սխալ ա գնում, խնդիրն էդ ա։ Իրանց ասած ձևով սահմանը դրեցին, գնացին։ Իրանց ասած տեղն իմ այգիներից 200 մետր ա հեռու, վարելահողից՝ 2-3 մետր», - ասաց Կամո Աղաջանյանը։

Բերդաշենիցները շարունակում են ապրել Ադրբեջանի հետ բաց սահմաններով։ Այսօր էլ քննարկումներն ընթանում են, հարցը դեռ վերջնական որոշված չէ, «Ազատությանը» փոխանցեց Բերդաշենի գյուղապետ Մխիթար Սարգսյանը։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ այս հարցով խորհուրդ տվեց տեղեկություններ ճշտել նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանից, որն այդպես էլ ամբողջ օրը «Ազատության» զանգերին չպատասխանեց։