Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու նպատակով:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսօր Փաշինյանը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ:

Քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

Հաղորդագրությունում նշվում է, որ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

Օրեր առաջ, հիշեցնենք, վարչապետը հանդիպել էր Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ: