Ռուսաստանը, որպես օգնություն, 22 բեռնատար շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը Ստեփանակերտ է ուղարկել մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը՝ շուրջ 22 բեռնատար ավտոմեքենաներով շինանյութ, տեղակացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Բոլոր այն բնակավայրերը, որոնք տուժել են պատերազմի հետևանքով, արագ կվերակառուցվեն: Այդ ուղղությամբ Արցախի շինարարներն արդեն որոշակի աշխատանք են իրականացրել:

ԱԻՊԾ-ը հիշեցնում է, որ ռուս փրկարարների 30 հոգանոց օպերատիվ խումբն Արցախ է ժամանել նոյեմբերի 16-ին՝ բնակչությանն օգնելու նպատակով: Խմբում ընդգրկված են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, փրկարարներ, սակրավորներ, կապի ոլորտի մասնագետներ: Փրկարարներն ունեն անհրաժեշտ տեխնիկա և դաշտային ճամբար: Ռուսաստանը պատրաստ է փրկարարների թիվը հասցնել 150-ի և տրամադրել նաև օդանավ-հիվանդանոց: