Նոր լարվածություն Անկարայի և Բեռլինի հարաբերություններում

Թուրքական նավեր Միջերկրական ծովում, արխիվ

Անկարան պաշտոնական բողոք է ներկայացնում Գերմանիայի իշխանություններին, ինչպես նաև ԵՄ ղեկավարությանը՝ երկուշաբթի օրը Միջերկրական ծովում տեղի ունեցած միջադեպի առթիվ։

Արևմտյան լրատվամիջոցների տեղեկություններով` գերմանական «Համբուրգ» ռազմանավի անձնակազմը երեկ փորձել է խուզարկել Թուրքիայից Լիբիա ուղևորվող նավերից մեկը՝ լուրջ կասկածներ ունենալով, որ թուրքական դրոշի ներքո նավարկող Rosaline A բեռնատար նավով հյուսիսաֆրիկյան այդ պետություն զենք է տեղափոխվում։ Գերմանիայի պաշտպանության նախարարության տեղեկություններով, սակայն Բունդեսվերի զինծառայողները ստիպված են եղել կիսատ թողնել խուզարկությունը՝ այն բանից հետո, երբ Անկարան շտապ կարգով բողոք է հղել ԵՄ կառույցներին՝ պահանջելով օտարերկրյա զինվորականներին հեռացնել իրեն պատկանող նավից։

Նշենք, որ գերմանացի զինվորականները թուրքական նավի խուզարկությունը կատարում էին ԵՄ կողմից իրականացվող «Իրին» կոչվող համատեղ առաքելության շրջանակներում, որի նպատակն է Լիբիայում ծավալված քաղաքացիական պատերազմում ներգրավված հակամարտող կողմերին սպառազինության մատակարարումների կանխումը։

Գերմանիայի իշխանություններն ընդգծել են, որ միջադեպի սկզբից ի վեր պաշտոնական Անկարան արել է հնարավոր ամեն ինչ թուրքական բեռնատար նավի խուզարկությունը թույլ չտալու համար։ Նախ Անկարայում մի քանի ժամ շարունակ չեն պատասխանել խուզարկությունը թույլատրելու պաշտոնական դիմումին, իսկ երբ գերմանացի զինվորականներն ի վերջո որոշել են միակողմանի քայլերի դիմել, հանդիպել են նավի անձնակազմի հակազդեցությանը։

Կիսատ մնացած խուզարկությունը, ըստ գերմանական աղբյուրների, շարունակվել է մոտ մեկ ժամ։ Բեռլինում, սակայն, խոստովանում են, որ այդ մեկ ժամվա ընթացքում գերմանացի զինվորականներին նավի վրա որևէ արգելված իր հայտնաբերել չի հաջողվել։

Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը երեկ Անկարայում, Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ, չի բացառել, որ իր երկիրը կարող է ԵՄ փոխհատուցում պահանջել կրած նյութական և բարոյական վնասների համար։

Անկարայի և Բեռլինի հարաբերությունները սկսեցին լարվել նախորդ շաբաթվանից, երբ Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում ներկայացված քաղաքական ուժերը հատուկ բանաձև ընդունեցին՝ կոչ անելով Անգելա Մերկելի կառավարությանը արգելել թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը երկրի տարածքում։

Խորհրդարանում ներկայացված միանգամից հինգ կուսակցություններ՝ «Քրիստոնյա դեմոկրատական միությունը», Բավարիայի «Քրիստոնյա-սոցիալական միությունը», սոցիալ- դեմոկրատները, կանաչները և ազատ դեմոկրատները պնդում են, որ թուրքական ազգայնական այս խմբավորման գաղափարախոսությունը հիմնված է այլատյացության և հակասեմականության վրա՝ լրջորեն վտանգելով Գերմանիայի ներքին անվտանգությանը։

«Կոչ ենք անում կառավարությանը ուշի-ուշով հետևել «Գորշ գայլերի» գործունեությանը և հակազդել դրան իրավական պետությանը բնորոշ գործիքակազմով», - նշված է Բունդեսթագի հայտարարության մեջ։

Փաստաթղթի հեղինակները հատուկ ընդգծում են, որ կազմակերպությունը կապեր ունի Թուրքիայում գործող «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և Զարգացում» կուսակցության հետ մաս է կազմում իշխող կոալիցիային։

«Այս կազմակերպության գաղափարական հիմքերը ծայրահեղ ագայնականությունն ու մարդատյացությունն են։ Այլ ազգային և կրոնական խմբերի արժանապատվությունը նսեմացնող ֆաշիստական և ռասիստական գաղափարախոսությունները Գերմանիայի տարածքում տեղ չունեն», - DW-ի հետ զրույցում նշել է «Գորշ գայլերի» գործունեության վրա արգելք սահմանելու նախաձեռնության հեղինակներից մեկը՝ քրիստոնյա դեմոկրատ պատգամավոր Քրիստոֆ դե Ֆրիսը։

Ի դեպ, արդեն բավական երկար ժամանակ է, ինչ «Գորշ գայլեր» կազմակերպության՝ Գերմանիայի տարածքում գործող կառույցները գտնվում են երկրի իրավապահ համակարգի ուշադրության ներքո։ Երկրի առաջատար ուժային կառույցներից մեկը՝ «Սահմանադրության պահպանության դաշնային գործակալության» (BVF) կողմից 2019 թվականին հրապարակված զեկույցի համաձայն, «Գորշ գայլերի» անդամների և համակիրների ընդհանուր թվաքանակը Գերմանիայի տարածքում հասնում է 11 հազարի: Նրանք գործում են նախևառաջ երկրի արևմտյան, առավել զարգացած երկրամասերում՝ Հեսենում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում և Բադեն-Վյուրտեմբերգում։

«Կազմակերպության անդամները վստահ են, որ «բարձրագույն, թուրքական ռասայի» ներկայացուցիչներ են հանդիսանում, իսկ որպես իրենց գլխավոր թշնամիներ դիտարկում են քրդերին, հայերին, հույներին, հրեաներին և ամերիկացիներին», - նշված է Գերմանական հատուկ ծառայությունների հրապարակած զեկույցում։