Վարչապետը այսօր անհատական հանդիպումներ է ունեցել գործարարների հետ, այդ թվում՝ Հանրապետական խմբակցության նախկին ներկայացուցիչների։ Պաշտոնական կայքի տարածած կարճ հաղորդագրության մեջ ասվում է, որ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։
«Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանից, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանից և «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանից այդպես էլ չկարողացանք ճշտել՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։ Նրանք ողջ օրվա ընթացքում անպատասխան թողեցին մեր զանգերը։
«Այս հանդիպումը չի նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարում կամ հակառակը։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», - «Ազատությանը» փոխանցեցին գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկա» ընկերությունից, որի սեփականատեր Դավիթ Ղազարյանը ևս այսօր հանդիպել էր Փաշինյանին։
Ղազարյանը հետհեղափոխական Հայաստանում, հիշեցնենք, կալանավորվել էր առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։
«Մենք մեր աշխատանքային պլանը, որը որ մի քանի տարի առաջ հաստատվում է, մենք այդ պլանից չենք շեղվելու, շարունակելու ենք աշխատել և ունենք մեր ներդրումային ծրագրերի պլանը, որը շարունակելու ենք կատարել, խոսքը դրա մասին է մեր մասով», - ասաց «Սպայկա» -ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը:
«Ազատության» հարցին՝ քաղաքական ուժերի օրակարգում կա վարչապետի հրաժարականի հարց, այս հանդիպումը նշանակո՞ւմ է, որ «Սպայկա»-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, Բաղդասարյանը պատասխանեց. - «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Ես չեմ կարծում, որ նման ուղերձ պարունակում է [այս հանդիպումը], մենք ընդամենը մեր աշխատանքի և հետագա պլանների մասին հանդիպում ենք ունեցել: Քաղաքական ենթատեքստ մեր հանդիպման մեջ մենք չունենք»:
Այսօր Փաշինյանին հանդիպած հինգ գործարարներից մեկն էլ սննդի առաքմամբ զբաղվող Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյան էր։ Պատերազմի առաջին օրը որպես կամավոր սահման գնացած գործարարն ասաց՝ եղել է մտքերի փոխանակում, բայց իր հետ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Քերոբյանը նշեց՝ այս պահին գործարարներին հետաքրքրում է միայն հայրենիքի տնտեսական ուժի վերականգնումը, և այս հանդիպման մեջ քաղաքական ուղերձներ փնտրել պետք չէ:
«Մտքերի փոխանակում է եղել, այդքանը, մենք նպատակ ունենք օր առաջ օգնել տնտեսության վերականգնմանը, ոչ թե ինչ-որ քաղաքական թեմաների մեջ մտնել, քանի որ ես առաջին օրվանից որպես կամավոր եղել եմ առաջին գծում, իմ համար միանշանակ է, որ այն, ինչ որ տեղի ունեցավ, վերաբերում է ոչ թե վարչապետին, այլ ամբողջ հայ ժողովրդին», - ասաց Menu Groub-ի հիմնադիրը:
Այսօր վարչապետը հանդիպել է նաև Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ։ Վերջինս «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետը իրենից մի քանի ճյուղերի գործարարների ցանկ է խնդրել հետագա հանդիպումների համար, իսկ թե ինչ սկզբունքով էին ընտրվել այսօրվա գործարարները, ասաց՝ ինքը տեղյակ չէ։ Քննարկման առանցքում եղել են տնտեսության խնդիրները՝ պայմանավորված հետպատերազմյան և կորոնավիրուսային համաճարակով:
«Մինչև պատերազմը, ըստ էության, մեր տնտեսությունն այս համաշխարհային համավարակի ալիքին կարողացավ դիմակայել, մեր մասնավոր հատվածը բավական կայուն գտնվեց, մենք չունեցանք ոչ մի ապրանքային սով, պակաս, ոչ մի տագնապ, որոշ ճյուղերում նույնիսկ արտահանման աճ կար, ունենք նաև ներկրման անկում, բայց տնտեսությունը պահպանեց իր կենսունակությունը: Հիմա դրան գումարվեց պատերազմական արհավիրքը, կհասկանանք, կվերլուծենք և ավելի քան վստահ եմ՝ օվկիանոսի պես կվերականգնվենք, հարցը տեմպերի մասին է՝ ինչ արագությամբ», - նշեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:
Ըստ Ղազարյանի, դեռևս հնարավոր չէ կանխատեսումներ անել տնտեսությանը պատճառված իրական վնասների մասին կամ թե ինչքան ժամանակ կպահանջվի ոտքի կանգնելու համար։ Առաջին թվերը ասաց` հնարավոր կլինի հրապարակել դեկտեմբերից ոչ շուտ։
2021 թվականի բյուջեի հոկտեմբերի փոփոխությամբ կանխատեսվում է 6,8 տոկոս անկում։