ՌԴ ԶՈւ սակրավորները Արցախում խաղաղապահների պատասխանատվության գոտիներում սկսել են ականազերծման աշխատանքները

Ռուս խաղաղապահը հերթապահություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, 20-ը նոյեմբերի, 2020թ.

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի սակրավորները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտիներում այսօրվանից սկսել են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչ Պավել Պաուտովը:

Ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի խոսքերով՝ մարդասիրական ականազերծումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հայտերի հիման վրա։ Պաուտովը նշել է, որ տարածքը մաքրելու և չպայթած զինամթերքը չեզոքացնելու համար անհրաժեշտ է մի քանի ամիս։ Փոխգնդապետ Պաուտովը տեղեկացրել է նաև, որ ռուսաստանցի սակրավորները դեռևս չեն հայտնաբերել թակարդ-ականներ, խոսքը հիմնականում խորհրդային արտադրության հակատանկային և հակահետևակային ականների մասին է։

Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտին հաջորդած տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծում էր իրականացնում HALO Trust միջազգային կազմակերպությունը։ Կառույցի գործունեության և ֆինանսավորման սահմանափակումների ֆոնին անցած մի քանի տարիներին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը որոշել էր սեփական միջոցներով շարունակել տարածքների մաքրումը: