Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը գաղտնի այցելել է իր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Սաուդյան Արաբիա և գաղտնի բանակցություններ վարել թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, հայտնում են իսրայելական մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։
Ըստ այդ հրապարակումների՝ գաղտնի հանդիպմանը ներկա է եղել նաև «Մոսադ» լրտեսական գործակալության ղեկավար Յոսի Քոհենը։
Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում են այս տեղեկությունները։
Իսրայելական աղբյուրների համաձայն՝ նախօրեին մասնավոր օդանավը Թել Ավիվից ուղևորվել է Սաուդյան Արաբիայի Նեոմ քաղաք և հինգ ժամ անց վերադարձել Իսրայել։ Ենթադրվում է, որ հենց այդ օդանավում էր գտնվում Նեթանյահուն:
Այս հանդիպումը հաջորդում է Իսրայելի և Պարսից ծոցի մի շարք երկրների միջև հարաբերությունների բարելավման փորձերին։ Թել Ավիվի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատող Արաբական Միացյալ Էմիրություններին և Բահրեյնին մտահոգում են «Մերձավոր Արևելքում Թեհրանի ապակայունացնող քայլերը»։