Մեծ քսանյակի անդամ երկրների առաջնորդները համատեղ արձանագրությամբ պայմանավորվել են համագործակցել համաշխարհային սպառնալիքների դեմ պայքարում՝ այդ թվում կորոնավիրուսի համավարակի և դրա տնտեսական հետևանքների:
Առցանց գագաթնաժողովի արդյունքում ընդունված արձանագրության մեծ մասը նվիրված է COVID-19-ի դեմ պայքարին։ Գերտերությունների ղեկավարները պայմանավորվել են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի աշխարհի բոլոր բնակիչներն անխտիր հնարավորություն ունենան ախտորոշվելու և բուժվելու COVID-19-ից, իսկ ապագայում էլ՝ պատվաստվելու այդ վարակի դեմ:
Փաստաթուղթը ներառում է նաև համավարակից ամենաշատը տուժած տնտեսության ճյուղերին՝ մասնավորապես միջազգային տրանսպորտին աջակցելու պարտավորություն։ Այդ համատեքստում առաջնորդները պայմանավորվել են մինչև 2021 թվականի կեսերը հետաձգել աղքատ երկրների պետական ծախսերի սպասարկումը։