Երուսաղեմի Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով իր երախտագիտությունը զինադադարի կնքման և պատերազմը դադարեցնելու կապակցությամբ: Նամակում հայ պատրիարքը խնդրել է նախագահ Պուտինին Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, այլ սրբավայրերը, որոնց պահպանության հարցն այսօր դարձել է էական խնդիր, քանզի նրանց դեմ արդեն սկսվել է վանդալիզմ:
Երուսաղեմի հայ պատրիարքը միաժամանակ հիշեցնում է, որ Երուսաղեմում Լույսի տոների ժամանակ արդեն 15 տարի շարունակ ռուսները տեղ են ստանում հայկական մասնաբաժնում՝ այդպիսով ապահովելով սուրբ կրակի ժամանակին Ռուսաստան տեղափոխելը:
Հայֆայի համայնքը տեղի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ պատերազմի ողջ ընթացքում 16 առանձին ծրագրեր է իրականացրել, բացի համընդհանուր համահայկական և համաիսրայելյան դրամահավաքներին մասնակցելը: «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի հնարավոր արձագանքին, քահանան ասաց. «Կարծիքը հաշվի կառնեն, որովհետև Երուսաղեմն այն բացառիկ կենտրոններից մեկն է, որն իր ազդեցությունն ունեցել ու ունենում է ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսների վրա, սակայն պետք է հաշվի առնենք նաև այն համաձայնությունը, ինչ որ եղել է նոյեմբերի 10-ին: Պետք է հաշվի առնենք նաև այն եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին»:
Ռուսաստանը, լինելով քրիստոնյա, նրա կարծիքով` ինչ-որ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Պատերազմի ժամանակ Իսրայելի փոքրաթիվ հայկական համայնքն ավելի քան 250 հազար դոլարին համարժեք օգնություն ցուցաբերեց, և շարունակվում են աշխատանքները հանգանակությունների ու տարբեր ծրագրերի միջոցով՝ Հայաստանին ու Արցախին օգնություն տրամադրելու շրջանակներում: Տեր Տիրայրի փոխանցմամբ` անհրաժեշտ պարագաները մշտապես ձեռք են բերել Հայաստանում. «Մենք չենք ունեցել դրամը ծախսի Իսրայելում, այլ ուզեցել ենք, որ այդ հավաքված գումարը Հայաստանում ծախսվի, այսինքն` տրվի հային, և այդ օգնությունը ծախսվի զինվորին, այսինքն` ծախսել դրամը Հայաստանում, Հայաստանում առևտուր անել և դա հասցնել այնտեղ, որտեղ պետք է: Մինչև պատերազմի ավարտը կատարել ենք 16 փուլից կազմված օգնություն»:
17-րդ փուլում զինադադարից հետո արդեն սկսել են օգնել պատերազմից տուժած արցախցի ընտանիքներին. «Մենք որոշեցինք, որ այն գումարը, որ մնացել է, և այն գումարը, որ պիտի նորից հավաքվի, ուղղենք զոհված հերոսների կարիքավոր ընտանիքներին կամ պատերազմի պատճառով հաշմանդամություն ստացած, նորից կարիքավոր ընտանիքներին: Առաջին օգնությունն արդեն կատարել ենք 17-րդ փուլում 2 ընտանիքի Արցախի, և մեզ համար բնավ կարևոր չէ, թե հայը որտեղից է` Արցախից, Հայաստանից»:
Մոտ մեկ տասնյակ բողոքի ակցիաներ, ցույցեր, երթեր ու մոմավառություններ կազմակերպվեցին Իսրայելի տարբեր քաղաքներում հայկական կազմակերպություններն ու միությունների կողմից, սակայն հրեական մամուլն ու հեռուստատեսությունները լուռ էին ու չէին լուսաբանում դրանք: «Հրեական նորություններում ցույց չի տրվել, վստահ եմ, որ մասնավոր իրենց քաղաքականությունն է այդպես, որպեսզի ցույց չտան, որ հայերը դժգոհ են և այլն, չնայած ամբողջ աշխարհը գիտի, թե հայերի տրամադրություններն ինչ են: Սակայն աշխարհում, ինչպես նկատում եք, լսում են նրան, ով ուժեղ է, և իմ կարծիքն այն է, որ մենք պետք է այնպես ուժեղանանք, որպեսզի մեր ձայնը լսելի լինի», - շեշտում է տեր Տիրայր քահանա:
Իսրայելը տարիներ շարունակ տնտեսական ու ռազմական լուրջ համագործակցություն ունի Ադրբեջանի հետ, որի պատճառով էլ հայերի ձայնը լսելի չէ այստեղ, համոզված է Հայֆայի հոգևոր հովիվը. «Իսրայելը հաշվի չի առնում մեր ցույցերի և բողոքների ձայնը, որովհետև տարիներով գործարքի և զենքի կամ այլ բիզնեսի մեջ է Ադրբեջանի հետ»:
Այստեղ նրա կարծիքով` տասնյակ տարիներ լուրջ բացթողումներ է թույլ տվել Հայաստանի կառավարությունը՝ Իսրայելի նման պետության հետ լուրջ տնտեսական համագործակցությունը բացառելով. «Իմ կարծիքով` եթե մենք ունենայինք այդ բարձր հարաբերությունները, թե զենքի գնելու կամ վաճառելու առումով, թե այլ տնտեսական առումներով, ինձ թվում է, մեր ձայնը լսելի կլիներ և ոչ միայն լսելի կլիներ, նաև դրա պատասխանն էլ կստանայինք: Սա է իմ պատասխանը: Մենք կարող ենք նեղվել իրենցից, սակայն կարևոր կետ կա, որը ցավ է պատճառով մեզ, որ ցեղասպանություն ապրած ժողովուրդը ցավ է պատճառում ցեղասպանություն ապրած ժողովրդի սերունդներին»:
Այս փաստն է, որ չի համատեղվում այս ընդհանուր կոնտեքստի մեջ, և հայերը չեն կարող հասկանալ, թե ինչու է բիզնեսը բարձր գնահատվում Իսրայելում բարոյական ու մարդկային արժեքներից, եզրահանգում է տեր Տիրայրը. «1915թ. ցեղասպանություն տեսած ժողովրդի սերունդներն այսօր պատերազմի մեջ են, և 1945-ի ցեղասպանություն տեսած ժողովրդի սերունդներն օգնում են մյուսներին, որպեսզի վնասեն նաև այդ ցեղասպանություն ապրած ժողովրդի սերունդներին: Սա է, որ ցավ է պատճառում»:
Համաձայնության հայտարարությունից հետո երկրում մի քանի օր լռություն էր տիրում սոցիալական ցանցերում ու հարթակներում, և շոկային իրավիճակն հաղթահարելուց հետո հոգևոր հովիվը կրկին միասնության և հայրենիքին օգնելու ու ուժ տալու կոչերով է հանդես գալիս. «Ճիշտ է, որ բոլոր համայնքներում, ներառյալ մերը պատերազմի ելքը ծանր ցավ պատճառեց, և ինչ-որ մի տեղ հուսահատական խոսքեր կամ զգացումներ լսեցինք: Սակայն ես բացատրել եմ նրանց, որ մենք իրավունք չունենք հուսահատվելու: Դրանից հետո շարունակվել է, մարդիկ են եղել, որ նորից բերել և նորից գումար են տվել, այսինքն` մարդկանց մեջ դեռ հույսը կա, հավատը կա, և մյուս կողմից էլ իրենք տեսել են, որ իրենց լուման, իրենց դրամը հասել է տեղ: Այսօր այնպիսի իրավիճակում ենք ապրում, որ վստահությունը կարելի է ասել` պակասել է»: