Հայաստանի կառավարությունը հաստատել է պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը:
Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի վերը նշված տարածքների համայնքների հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ պատերազմի սկսման օրը, առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 հազար դրամ։
Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու: Այս միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև այս դեկտեմբերի 20-ը:
Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերված միջոցներով: