Ադրբեջանցիների կողմից Շուշին գրավելուց ընդամենը օրեր անց Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատիրոջ հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ մինչ պատերազմը քաղաքի գործող երկու եկեղեցիներից մեկը` Սուրբ Հովհաննես Մկրտիչը կամ ինչպես ժողովուրդն է ասում` Կանաչ ժամը, ավերված է։
Շուշիի շրջանի և ավերված եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը «Ազատությանը» փոխանցեց` աննկարագրելի ցավ է ապրում։
«Մեզ համար Կանաչ ժամը մեր գոյության գրավականն էր, և մեր հոգևոր կյանքը պայմանավորված էր հենց եկեղեցով: Իհարկե, այս պահին մենք հոգևոր թմբիրի մեջ ենք, անորոշության մեջ ենք, որովհետև դեռևս չենք կարողանում այդ վիճակից դուրս գալ և փորձել հաղթահարել և հետագա մեր ծրագրերը, անելիքները կազմակերպել», - ասաց եկեղեցու հոգևոր հովիվը:
Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ տեղի ունեցածը կոչելով Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմ. «Հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաև վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը»։
Հայ առաքելական եկեղեցին նաև կոչ է արել «միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»։
Տեր Մեսրոպի խոսքով, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1847 թվականին` Ղազանչեցոց եկեղեցուց 40 տարի շուտ։ Շուշիում եղել են գործող հինգ հայկական եկեղեցիներ, խորհրդային տարիներին քանդվել են երեքը։ Կանգուն էին մնացել Ղազանչեցոցը և Կանաչ ժամը։
«Մենք հայերս կոչված ենք Աստծու կողմից լինելու կառուցող, շինարար, լինելու քրիստոնեության ամբողջ արժեհամակարգի կրողը և նաև այդ արժեհամակարգի կրողը լինելով նաև մենք այդ արժեհամակարգի ավանդապահն ենք և այդ ավանդը աշխարհին փոխանցողը», - նշեց քահանան:
Պատերազմի ժամանակ` հոկտեմբերի 8-ին, Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը երկու անգամ հրթիռակոծել է Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Երկրորդ հարվածի ժամանակ տեղում աշխատող լրագրողները վիրավորվել էին։
Վերականգնող ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը «Ազատության» հետ զրույցում զուգահեռներ տարավ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հետ տեղի ունեցածի ու Մերձավոր Արևելքում ահաբեկիչների կողմից մշակութային կոթողների ոչնչացման միջև` նշելով, որ ոչնչացվել են եկեղեցու թմբուկն ու գմբեթը, ինչպես նաև զանգակատան գմբեթը։
«Այն, որ եկեղեցին կարող էր այդ օրն ընկնել, բնական էր, որովհետև այն, ինչ որ մենք տեսել ենք, որ արել են, այդ Կանաչ ժամն իրանց համար ուղղակի քարից կառույց էր: Շատ ցավալի է, բայց կարծում եմ, որ դա հաջորդն էր նրա, ինչ-որ մենք արել էինք, որ պետք է դրան բերեր: Այսինքն իրենք ընդամենը շենքն են քանդել, որը պաշտպանված չէր, բայց մինչ այդ մենք ունեինք մի ամբողջ անպաշտպան ոլորտ: Հուշարձանների պաշտպանության ոլորտը ոտքից գլուխ անպաշտպան ոլորտ էր և պարզ է, որ վերջը պետք է լիներ, որ իր կառույցն էլ անպաշտպան լիներ: Կանաչ ժամը վերականգնվել է, մենք, իհարկե, շատ ուրախ էինք, որ ինքը գործում էր, բարեկարգ էր, բայց վերականգնումով ընդհանրապես վերականգնող ճարտարապետ չի զբաղվել: Անձամբ ես, երբ որ մտնում էի, առաջին հենց մուտքը, որտեղ դարպասը բացվում էր և խաչը կիսվում էր: Ես երբեք չէի հասկանում՝ ոնց կարելի է խաչը կիսել, եկեղեցու մուտք մտնելով: Ես կարծում եմ, որ դա վերականգնող ճարտարապետն է, որը նաև գիտի մի քիչ եկեղեցու ներքին կյանքը, որն ավելի խորն է ընկալում խաչն ընդհանրապես: Ուզում եմ ասել, որ ոչ պրոֆեիոնալիզմը բոլոր ոլորտներում մեզ բերեց հասցրեց դրան», - ասաց Տիտանյանը: