Պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքը լքած խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ հայրենիք։
«Հինգշաբթի երեկոյան ռուսաստանցի զինվորականների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ է ժամանել տուն վերադարձող հայ փախստականների հերթական խումբը՝ ընդհանուր առմամբ 1900 հոգի», - հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Այդպիսով, ըստ ռուսական աղբյուրների, նոյեմբերի 14-ից ի վեր հայրենիք վերադարձած հայերի ընդհանուր թիվը գերազանցել է 5 հազարը։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով էլ վաղն արդեն Ստեփանակերտ կժամանի Ռուսաստանի կողմից հատկացված մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը։
«Շարասյունը ձևավորվել է Ռոստովի մարզի տարածքում և այժմ շարժվում է Կրասնոդարի երկրամասով», - տեղեկացրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հստակեցնելով նաև, որ Լեռնային Ղարաբաղ առաքվող մարդասիրական բեռի ընդհանուր ծավալը 300 տոննա է կազմում։