Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 70 զինվոր

Շարքային Թաթուլ Ազատյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն էր եկել ձեռքն ու ոտքերը բեկորային վնասվածքներով։ Սկզբում սայլակով էր, հիմա արդեն կինեզոթերապիայի մասնագետ Տիգրան Վարդանյանի օգնությամբ շտկում է քայլքն ու ձեռքի աշխատանքը։

«Չէի կարողանում քայլել, բայց Տիկոն լավ ա աշխատում։ Էնքան լավ ա աշխատում, որ երեք օր հետո սկսել եմ արդեն քայլելը», - ասում է Թաթուլը։

Թաթուլը վիրավորվել է հոկտեմբերի 22 ին, ֆիզիկական վիճակը բարելավվում է, բայց ընկերներին է կորցրել, դժվար է․ - «Ես անուններ գիտեմ, որ զոհվել են, բայց իրանց տնեցիք չգիտեն․․․»

Ջաբրայիլում գրադի 9 հոգանոց դասակից երկու հոգի են ողջ մնացել։ Էրիկ Սահակյանը փրկվեց, բայց գլխուղեղային ծանր վիրավորում ստացավ։ 25 օր հիվանդանոցային բուժումից հետո անցել է վերականգնողական վարժությունների։ Ձախ կողմը լրիվ անշարժ էր, իսկ հիմա ամեն ինչ կարողանում է անել, բայց դեռ անվարժ։

Տարոն Ումրոյանը մյուս շաբաթ արդեն գնալու է պրոթեզավորման. Ջաբրայիլում հոկտեմբերի 2-ին ոտքն է կորցրել, երկու շաբաթ է, ինչ վերականգնողական կենտրոնում է․ - «Հիմա նպաստում են, որպեսզի մկաններս զանգացնեն՝ հետագայում արդեն պրոթեզով քայլելու համար»։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 70 զինվոր, բոլորն այս պատերազմում ծանր վնասվածք ստացած տղաներ են, որ կարող են հաշմանդամությամբ ապրել ողջ կյանքում, եթե վերականգնողական բուժում չստանան։

Կենտրոնի տնօրեն ու «Աջակցություն վիրավոր զինվորներին ու զինհաշմանդամներին» կազմակերպության ղեկավար Հայկուհի Մինասյանը շեշտեց, որ բացի ստացիոնար բուժումից, կենտրոնի մասնագետները նաև արտագնա են աշխատում․ - «Մեր աշխատակիցները գնում են և հիվանդանոցներում տեղում աշխատում են ստացիոնար բուժում ստացող զինվորների հետ նյարդավիրաբուժական և վերակենդանացման բաժանմունքներում»։

Ըստ տնօրենի, այստեղ լավագույն սարքերն ու մասնագետներն են, շուտով նոր պրոթեզարան կբացեն, «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ կավելացնեն մահճակալները։

Սակայն Հայկուհի Մինասյանը շեշտում է, որ զինվորների բուժման գործը ոչ թե բարերարների կամ հայ ժողովրդի ուսերին պետք է լինի և լիներ, այլ պետության․ - «Կենտրոնը չունի ֆինանսավորում, որևէ աղբյուրից չի ֆինանսավորվում։ Իհարկե, մենք դիմել ենք թե՛ Առողջապահության նախարարություն, թե՛ Պաշտպանության նախարարություն, որպեսզի տրամադրվի։ Որովհետև կենտրոնը շահույթ չի հետապնդում, և որևէ ձևով մեզ տրամադրված պետպատվերից որևէ մեկը շահույթ չի ունենալու։ Այսօր հայ ժողովուրդն է կերակրում, բուժում և վերականգնում մեր տղաներին՝ բացառապես նվիրաբերությունների միջոցով»։

Օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարեց, որ վիրավորված զինծառայողների ապաքինման և վերականգնման համար նոր բժշկական կենտրոն է անհրաժեշտ՝ մոտ 250 մահճակալով, իսկ եղած հզորություններն էլ նորացման կարիք ունեն։ Նախարարությունից այսօր փոխանցեցին, որ որևէ նորություն չունեն, դեռ քննարկում են։

Հայկուհի Մինասյանի տեղեկացմամբ, տարբեր կազմակերպություններից գնային առաջարկ են ուզել, իրենք էլ ներակայացրել են․ - «Մեկ օրվա ստացիոնար բուժման համար առաջարկել ենք 16 հազար դրամ»։

Կենտրոնում, նրա փոխանցմամբ, 63 տարբեր ծառայություններ են մատուցվում, նաև խնամող անձնակազմ կա։ Մինասյանը վստահ է, որ պետությունը պետք է գումար գտնի վիրավոր զինծառայողների վերականողական բուժումը որակյալ ու հասանելի դարձնելու համար։

Կազմակերպված աշխատանք, սակայն, առայժմ չի տեսնում․ - «Եվ ոչ էլ տեսնում եմ որևէ քայլ այդ ուղղությամբ արվող։ Վաղուց արդեն մենք պետք է ունենայինք զինհաշմանդամների ցուցակը, վաղուց արդեն պիտի դասակարգած լինեինք, թե քանի օրթոպեդիկ խնդիր ունենք, քանի ողնուղեղային, քանի գլխուղեղային և ըստ այդմ հասկանայինք, թե մեզ քանի սայլակ է պետք, քանի քայլակ է պետք, քանի էլեկտրական սայլակ է պետք, քանի պրոթեզ պիտի պատվիրենք․․․»

Հակատանկային մարտկոցի զինվոր Արմեն Ոսկանյանը ազդրի բեկորային վնասվածքի հետևանքները հաղթահարած շուտով տուն կգնա։ Ասում է՝ գործ շատ ունի հայրենիքի գործերը լավացնելուց մինչև զոհված եղբոր անունով որդի ունենալը։