Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում Հայաստանի տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։ Այս մասին հայտնում է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
Նրա փոխանցմամբ` խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը:
Միաժամանակ Թաթոյանը հայտնում է, որ այս որոշումը դեռ վերջնական չէ. դատարանը կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:
Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է դեկտեմբերի 4-ին:
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
- Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը։