Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։
«Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ», - ասված է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում: - «Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին»։
Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։
Օմբուդսմենն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին կարևոր ուղղություններով համագործակցության համար:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։