Ֆրանսիան պատրաստ է աջակցել Արցախի և շրջակայքի մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությանը, վստահեցնում է Մակրոնը

Արցախ - Ադրբեջանական հրթիռակոծություններից վնասված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, 8-ը հոկտեմբերի, 2020թ.

Փարիզը պատրաստակամ է աջակցել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակա տարածքների մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը, Թվիթերում գրել է նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության գործում», - գրել է Ֆրանսիայի նախագահը:

Մեկ այլ գրառմամբ Մակրոնը փաստել է. - «Ղարաբաղում զենքերը լռեցին: Մենք այժմ աշխատում ենք ժառանգության և մշակութային զինադադարի շուրջ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի մեր գործընկերների հետ պահպանելու և վերականգնելու ամբողջ տարածաշրջանի բազմազանության և հարստության գանձերը»: