Հայաստանում կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերի թիվը վերջին շրջանում նվազել է. եթե շաբաթներ առաջ օրական ավելի քան 2 հազար թեստի արդյունք էր դրական լինում, ապա վերջին օրերին քովիդ է հայտնաբերվումմոտ 1,5 հազար մարդու մոտ։
Այդուհանդերձ, օրական հաստատված դեպքերի և իրականացված թեստավորումների տոկոսային հարաբերակցությունը շարունակում է 40 տոկոսի սահմաններում մնալ։
Անցկացվող հետազոտությունների թվի նվազման միտում նույնպես նկատվում է:
Վիճակագրագետ,Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը, որը ամիսներ շարունակ հետևում է համաճարակի տեմպերին, ասում է՝ թեստերի քանակի նվազումը ցույց է տալիս, որ մարդիկ ավելի քիչ են ուշադրություն դարձնում կորոնավիրուսին։ «Բայց, ամեն դեպքոմ, մենք տեսնում ենք, որ որոշակի նվազում քովիդի ակտիվության գրանցվում է Հայաստանում», - «Ազատության» հետ զրույցում նշեց փորձագետը:
Միքայելյանը վերջին օրերին քովիդի դեպքերի նվազման միտումը պայմանավորում է մի քանի հանգամանքներով: Նախ, ըստ փորձագետի, բնակչության մի մասն արդեն իմունիտետ ունի. - «Ինչ-որ տոկոս բնակչության արդեն որոշակի իմունիտետ ստացել է կամ վարակվել է մինչ այդ՝ ես գնահատում եմ այդ թիվը մինչև 17 տոկոս բնակչության»:
Պատերազմի ընթացքում մարդկանց սոցիալական ակտիվությունը նվազել է, ասում է փորձագետը, ինչը, ըստ նրա, նույնպես ազդեցություն է ունեցել: «Եվ այդ նվազած սոցիալական ակտիվության ֆոնին ինքն էլ է նպաստում ինքնին, որպեսզի նվազեն թվերը քովիդի: Եվ նաև դպրոցները չեն աշխատել երկար ժամանակ՝ դա էլ է նպաստում, որպեսզի թվերը նվազեն», - նշեց Միքայելյանը:
Այդուհանդերձ, Հրանտ Միքայելյանի գնահատմամբ, մինչև ձմռան ավարտ քովիդը չի նահանջի։
Մինչ օրս կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է 1870 քաղաքացի, ևս 478 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Մարտից ի վեր Հայաստանում, պաշտոնական տվյալներով, հայտնաբերվել է քովիդի մոտ 122 հազար դեպք։