Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, ինչպես հայտնել է ռուսական կողմը, Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանակետ, երկուսը՝ Հայաստանի և Նախիջևանի սահմանին (Երասխ ու Պարույր Սևակ), երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին (Մեղրի և Սղերդ), և հինգերորդը՝ սահմանին Տեղ գյուղի մոտ:
Հակամարտող կողմերին սահմանակից Իրանը ողջունել էր եռակողմ համաձայնագիրը և հույս հայտնել, որ պայմանավորվածությունները կհանգեցնեն Կովկասում կայուն խաղաղության:
Իրանի դիվանագիտական գերատեսչությունն ընդգծել էր փոքրամասնությունների անվտանգության և իրավունքների հարգման, ինչպես նաև տարածաշրջանից օտարերկրյա զինյալների դուրսբերման անհրաժեշտությունը: