Բերձորում կյանքը դանդաղորեն վերադառնում է բնականոն հուն

«Ազատության» նկարահանող խումբն այսօր Ստեփանակերտ - Շուշի - Բերձոր ավտոճանապարհով հասել է Բերձոր

Երեկ հայտարարվեց, որ Ստեփանակերտ – Շուշի – Բերձոր ավտոճանապարհը բաց է, և այն հսկում են ռուս խաղաղապահները։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ երեկ այցելել է Շուշիի շրջան, Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ - Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում։

Ռուսական երկու հենակետ այն հատվածում, որտեղ մայրուղուն միանում է Շուշիից իջնող ճանապարհը, որի վրա, ռուսական հենակետերից մոտ հարյուր մետր հեռավորության վրա ադրբեջանական հենակետն է։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող հատվածն ունենալու է հինգ կիլոմետր լայնություն, որով անցնելու է ճանապարհը։ Ենթադրաբար խոսքը Գորիս – Բերձոր – Ստեփանակերտ ճանապարհի մասին է։

Բերձորի բնակիչների հավաստմամբ, կյանքը դանդաղորեն վերադառնում է բնականոն հուն։

«Էսօր մեր զենքերը հանձնում ենք։ Մեր ձեռի զենքերը, որ տվել էին պաշտպանվեինք։ Հիմա որ հանձնում ենք, նշանակում է արդեն լավ ա լինելու։ Ընտանիքս Էջմիածնում է, բայց էսօր գալու են», - «Ազատության» հետ զրույցում ասաց միջին տարիքի մի տղամարդ։

Բերձորցիների խոսքով, այսօր կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը, ակնկալում են, որ մի քանի օրից կվերականգնվի նաև գազամատակարումը։