Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոնդրությամբ, նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երեք զինծառայողներ՝
Յուրի Վիկտորի Իշչուկինը հետմահու (ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի հրամանատար, մայոր),
Ռոման Վասիլիի Ֆեդինիը հետմահու (ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ավագ տեխնիկ-հրահանգիչ, ավագ լեյտենանտ),
Վլադիսլավ Սերգեյի Գրյազինը (ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի օդաչու-օպերատոր, ավագ լեյտենանտ) պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռային կայանքի կիրառմամբ խոցել են Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող Ռուսաստանի զինված ուժերի МИ 24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետևանքով սպանվել են երկու անձինք և մարմնական վնասվածք ստացել ևս մեկ անձ։ Ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Պաշտոնական Բաքուն հաստատել է, որ ռուսական ուղղաթիռը խոցել են Ադրբեջանի զինծառայողները, և ներողություն է հայցել Մոսկվայից: