Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի համոզմամբ, կառավարության կազմում փոփոխություններն անխուսափելի են, սակայն, նրա խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով այս պահին խնդիրը չի լուծվում։
«Կարող եք վերաձևավորել կառավարությունը։ Վարչապետի հրաժարականով այս պահին այդ խնդիրը չի լուծվում։ Ինչ-որ մի պահի՝ հանդարտվելուց հետո, պատերազմական իրական դրությունից ելնելուց հետո, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները շատ բնական շարունակություն կլինեն այս ձախողման, և դա նորմալ է՝ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժը պատրաստ է այդ պատասխանատվությունը կրել, ինչպես ասվեց։ Դա պիտի լինի հանդարտ պայմաններում, որ և հնարավոր լինի գաղափարները ներկայացնել և քարոզարշավ իրականացնել և նորմալ ընտրություններ կազմակերպել, ոչ թե այս վիճակում։ Ու ինչպես որ ստացվեց այդ ընտրությունները», - «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ զրույցում ասաց Բարսեղյանը։
Նրա համոզմամբ, հիմա կարևոր է, որ արտահերթ ընտրությունների համար իշխանությունը կարողանա ապահովել պատշաճ օրենսդրություն։
«Հիմա ստիպված եմ հիշեցնել, որ 2018 թվականի սեպտեմբերին արդեն ահագին բարելավված Ընտրական օրենսգիրքը դեռ մնում է սեղանին։ Կուսակցությունների մասին օրենքի նախագիծ կա, որն էլի դեռ մնում է սեղանին։ Հիմա դրա ժամանակը չէ, իմ կարծիքով, նստել, քննարկել, բայց հաջորդ ընտրություններից առաջ հարկավոր է այդ ամբողջը պատշաճ կերպով խելքի բերել։ Այն բոլոր այլանդակություններն՝ իշխանության վերարտադրման գործիքների տեսքով, որոնք ներմուծված էին դրանց մեջ, հատկապես Ընտրական օրենսգրքի մեջ, դա պիտի վերացվի, իսկ դա աշխատանք է։ Ազգային ժողովը պարտավոր է մշակել, ընդունել վերջապես այդ օրենքները», - ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարը։
Իրավիճակի հանդարտեցումից հետո խորհրդարանական արտահերթ ընտրությունները, Բարսեղյանի խոսքով, կարող են մեկնաբանվել նաև որպես վստահության հարցում հանրությունից։
«Արտահերթ ընտրությունը հանաք բան չէ, դա պետք է կազմակերպվի պատշաճ։ Անընդունելի եմ համարում այն հնարավոր խոսկցությունները, թե հաջորդ ընտրությունները 2023-թվին են ստացվում, ո՛չ, ինձ թվում է քննության նման մի բան կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունը իրավիճակի հանդարտումից հետո, եթե կուզեք դա կարող է մեկնաբանվել նաև վստահության հարցում հանրությունից՝ կվերընտրեն՝ կվերընտրեն, չեն վերընտրվի, ուրեմն հանրության կամքն է, ինչին դեմ չէ գործող իշխանությունը, չի էլ կարող դեմ լինել։ Կստանա՞ ոչ բացարձակ մեծամասնություն, կա՛մ հարաբերական մեծամասնություն, կա՛մ ինչ-որ մի քվե, թող այդքան ստանա։ Կպարզվի՞, որ կոալիցիոն կառավարության կարիք կլինի․․․ ինձ թվում է, որ այս փուլում ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի ստանա, իմ կարծիքն եմ ասում, թող լինի այդպես՝ թող լինի կոալիցիոն կառավարություն», - եզրափակեց Բարսեղյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև