Կանադան հանձնառու է աջակցելու Հայաստանին, ասել է նորանշանակ դեսպանը

Կանադան հանձնառու է՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում, այսօր ասել է Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա), ով հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։

Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել:

«Թեև մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են իրարից, սակայն մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

ԼըՔլերը նշել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Կանադան Հայաստանում: «Ակնկալում եմ շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունները Ձեր երկրի հետ: Ուզում եմ նշել, որ մենք հանձնառու ենք՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում», - ասել է դեսպանը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին, և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին: