Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհետացած Արցախի ու Հայաստանի 10 քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նշում է, որ աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին Արցախի ու Հայաստանի 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը։
Օմբուդսմենը խստիվ դատապարտել է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը:
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից», - ասված Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում։
ՄԻՊ գրասենյակը նաև նշում է, որ Պաշտպանը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքներն՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ ընկած հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով:
Նշենք, որ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը։